Հայաստանի տնտեսությունը սկսում է շնչել. ԿԲ նախագահ

Հայաստանի տնտեսությունը սկսում է շնչել, բայց մարդիկ դեռ զգուշավոր են՝ ռիսկի գնալու և վարկային պարտավորություններով ներդրումներ կատարելու տեսանկյունից: Այդ մասին այսօր՝ մայիսի 3-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով վարկերի պահանջարկի նվազման պատճառները:

Հայաստանի կառավարությունը պնդում է, որ կորոնավիրուսի և պատերազմի բացասական ազդեցությունների հետևանքով տուժած տնտեսությունը վերականգնվում է:

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին կազմել է +23,2 տոկոս, իսկ առաջին չորս ամսվա ընթացքում՝ +2,6 տոկոս: Տնտեսության վերականգնման ֆոնին վարկերի նկատմամբ պահանջարկի նվազման մասին ԿԲ-ի ներկայացրած տեղեկատվությունը հարցեր է առաջացնում, որոնք ասուլիսի ժամանակ ուղղվեցին ԿԲ նախագահին:

«Մարդկանց մոտ գուցե այս պահի դրությամբ հետաձգված սպառման էֆեկտ կա: Նրանք դեռ առկախում են իրենց ծախսերը մինչև եկամուտները վերականգնվեն և նոր դիմեն վարկեր ստանալու համար: Գուցե խոսքն այս պարագայում մարդկանց մոտ իրենց ֆինանսներն ավելի խելամիտ կառավարելու մասին է», – ասաց ԿԲ նախագահը:

Թեև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը շաբաթներ առաջ հայտարարել էր տնտեսությունում «ներդրումների հորդման» մասին, ԿԲ նախագահը գերադասեց գնահատականներ չտալ: «Վարկերի մասով, ինչպես արդեն նշեցի, էական աճ չկա այս պահին: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այդ ցուցանիշն ավելի ուշ հայտնի կլինի», – ասաց նա:

Խոսելով տնտեսական աճի կանխատեսման մասին՝ Գալաստյանը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը ԿԲ-ի կանխատեսածից ավելի արագ է վերականգնվում, ինչը հիմք է տալիս մտածելու, որ տնտեսական աճը տարեվերջին կլինի կանխատեսածից ավել:

«Մենք 2021թ. համար կանխատեսել էինք 1,4 տոկոս տնտեսական աճ, սակայն մեր նախնական գնահատականներով այն ավելի բարձր է լինելու»,- ասաց նա՝ նկատելով, որ ակտիվություն է նկատվում ծառայությունների ոլորտում, տրանսֆերտների հոսքն է ավելացել և մի շարք այլ գործոններ են նպաստում տնտեսական աճին:

Ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահը ներկայացրեց նաև սթրես թեստի արդյունքները՝ դիտարկելով Հայաստանի տնտեսության համար ապոկալիպտիկ սցենար 2021թ.՝ հասկանալու արդյոք այն կարող է կլանել երկրի ֆինանսական համակարգը:

«Դիտարկվել է գրեթե ապոկալիպտիկ սցենար, երբ նորից լոքդաունի ենք գնում, և տնտեսությունը փակվում է: Այդ պարագայում 2021թ. Հայաստանի տնտեսության անկումը նախորդ տարվա 7,4 տոկոսի համեմատ լինում է մոտավորապես 14 տոկոս՝ իր բոլոր հնարավոր ածանցյալ հետևանքներով»,- հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը:

Նկատելով, որ ԿԲ-ն մշտապես իրականացրել է սթրես թեստեր և առաջին անգամ է հրապարակում դրանց արդյունքը, Գալստյանը նշեց, որ նման սցենար դիտարկվել է՝ հասկանալու ամենավատ զարգացումների հետևանքները:

Գալստյանը խոսեց նաև գնաճի տեմպերից՝ նշելով, որ եթե ոչ այս տարի, ապա 2022թ. հնարավոր կլինի վերադառնալ գնաճի թիրախային 4+/-1,5 տոկոս ցուցանիշին:

Մեկնաբանել