Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական քառօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

«Սիրելի սյունեցի հավատավոր զավակներ Մեր, այցելել ենք ձեզ հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման այս ժամանակահատվածում։ Եկել ենք ի մոտո հաղորդ լինելու ձեր մտահոգություններին ու խնդիրներին, նաև Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունը վերստին բերելու ձեզ։

․․․Մենք քաջատեղյակ ենք ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանում ձեզ պատած դժվարությունների, ձեր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Արցախյան վերջին պատերազմում մեր թանկագին զավակները նահատակվեցին, ունեցանք վիրավորներ, անհայտ կորածներ, գերեվարվածներ, տասնյակ հազարավոր տեղահանված խաղաղ բնակիչներ։ Տարածքային կորուստների պատճառով նաև Սյունյաց աշխարհի բնակավայրեր սահմանամերձ դարձան Ադրբեջանի հետ՝ դրանից բխող խիստ մտահոգիչ հետևանքներով։ Ադրբեջանը սանձարձակ ոտնձգություններ է կատարում նաև Հայաստանի սահմանների նկատմամբ, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի գյուղական որոշ համայնքների տարածքների հանդեպ», – ասաց Հայրապետը»,- Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ Հայոց Եկեղեցին թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ հետպատերազմյան օրերին իր ձայնն է բարձրացրել միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական ատյաններում Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող ոտնձգությունները խստորեն դատապարտելու կոչով, գերիների ազատ արձակման համար հրատապ աշխատանքներ իրականացնելու հորդորով և ի պաշտպանություն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությամբ այցելել է Շուռնուխի սահմանամերձ համայնք: Նորին Սրբությունը նաև իր օրհնություններն ու բարեմաղթանքներն է բերել շուռնուխցի նորապսակ մի զույգի, որ տեղեկանալով Հայոց Հայրապետի այցի մասին, մասնավոր ցանկություն էր հայտնել արժանանալու հայրապետական օրհնության։

Մեկնաբանել