Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։ 

«Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։

Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։ Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված  ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։ Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։ 

«Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։ 

21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։ 

«Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։

Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։ 

«Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։

Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։

Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։

«Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։ 

ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։

Loading...

Loading…

«Հանրապետություն» կուսակցության 103-հոգանոց ցուցակում ԱԺ պատգամավորներ չկան, թեկնածուներից մեկը պետական ծառայող է, գործազուրկներն այստեղ 44-ն են, գործարար ոլորտի ներկայացուցիչները՝ 8-ը։ Ցուցակում շատ են գիտաշխատողներն ու դպրոցների աշխատակիցները։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության 114 թեկնածուներից 58-ը գործազուրկ է, իսկ 11-ը` գործարար ոլորտից։ Պետական պաշտոն զբաղեցնում է մեկ թեկնածու։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ում գործազուրկները 17-ն են, քիչ են գործարար ոլորտի ներկայացուցիչները՝ 3 անձ, պետական համակարգից 1 թեկնածու կա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենը։ Այս ցուցակը հիմնականում կազմված է տարբեր ոլորտի գիտաշխատողներից և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներից, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներից։ Կուսակցությունն ունի պատգամավորի՝ 84 թեկնածու։

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի պատգամավորի 29 թեկնածու աշխատանք չունի, 3-ը հանրային ծառայողներ են, իսկ 7-ը՝ գործարար ոլորտից։ Ցուցակում կա պատգամավորի 90 թեկնածու։

Այսպիսով՝ գործարար ոլորտի ամենաշատ ներկայացուցիչներն ունի «Պատիվ ունեմ»-ը՝ 25 թեկնածու, այստեղ են նաև ամենաշատ գործազուրկները՝ 83 հոգի, թեև պետք է արձանագրել, որ թեկնածուների թվով էլ այս քաղաքական ուժը առաջինն է՝ 230 անձ։ Ամենափոքր թվով գործարարներ կան «Քաղաքացու որոշում» ՍԴԿ ցուցակում՝ 3 հոգի, իսկ գործազուրկներ՝ «Լուսավոր Հայաստանում»՝ 14 թեկնածու։

Հասկանալիորեն պետական ծառայողներն ամենաշատն են «Քաղաքացիական պայմանագրի»՝ 161 հոգուց բաղկացած ցուցակում՝ պատգամավորներ և այլ հանրային ծառայողներ՝ 131 անձ։ Պետական 1 ծառայող կա «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ցուցակում։

Գևորգ Թոսունյան