Սյունիքում ավելացվել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը. Սերգեյ Կոպիրկին

Սյունիքում ավելացվել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը․ այդ մասին հունիսի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Զորակազմի ավելացման նպատակն է Հայաստանի հարավային մարզի անվտանգության ապահովումը:

«Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում», – ասել է դեսպանն ու հավելել, որ ռուսական սահմանապահ զորքերի ավելացման համար արդեն հատկացվել են զգալի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար։

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից գնտվում է Սյունիքի մարզում, որտեղ երկու շաբաթ առաջ այցելել էին Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ երկրների դեսպանները:

Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպմանը, ինչպես հայտնում են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից, քննարկել է Հայաստանի հարավային տարածաշրջանում իրավիճակը, այդ թվում՝ իրավիճակը սահմանամերձ շրջաններում։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և ՌԴ ղեկավարությանը 2020թ. աշնանը պատերազմը դադարեցնելու ու հետպատերազմական վերականգնման գործում «հետագա անգնահատելի ներդրման համար»: Մարզպետը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի սուբյեկտների հետ Սյունիքի մարզի համագործակցության ընթացիկ վիճակին և ընդլայնման հեռանկարներին: Քննարկվել են Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ հարցեր: ՌԴ դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում:

Կոպիրկինն այս համատեքստում նշել է զբոսաշրջության ոլորտում ռուսական կապիտալի տեսանելի ներկայությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների գծով Ռուսաստանի կողմից իրականացվող նախագծերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են բնակչության տարբեր խմբերի և տնտեսության բոլոր ճյուղերի աջակցությանը:

Մեկնաբանել