Չնայած կազմափոխված վիճակին՝ բոլոր մասունքները նմուշառվել ու համարակալվել են․ դատաբժշկական փորձագետ

Աբովյանի դիահերձարանի հետ կապված միջադեպով հարուցվել է քրեկան գործ, գտնվում է նախաքննական փուլում և նախաքննության ընթացքում․ գործին առնչվող որևէ հայտարարություն, ենթադրություն անելու իրավունք ոչ մեկս չունենք․ հունիսի 4-ին կայացած ասուլիսին հայտարարեց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը։

«Մենք գործ չենք ունեցել թարմ դիակների հետ, մենք բոլորս առնչվել ենք ռազմի դաշտում թողնված, քայքայված, հուղարկավորված և արտաշիրիմված դիակների հետ։ Բոլոր դիակները բերվել են մեզ մոտ ամենածանր աստիճանի նեխման, կազմափոխման վիճակում։ Չնայած այդ վիճակին՝ դրանք նմուշառվել և համարակալվել են»,- տեղեկացրեց Արմեն Գևորգյանը՝ հավելելով, որ «թարմ դիակներ եղել են միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը»։

Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնում այս պահին 87 դի և 58 մասունք կա, այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը:

«Արամվիրի մարզային բաժնում գտնվում է 87 դի և 58 մասունք՝ ի պահ հանձնված մեզ մոտ»,- ասաց Աբգարյանը՝ թվարկելով, թե ինչ մասունքներ են պահվում։

Օրերս մեծ աղմուկ էին առաջացրել սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութը, որոնցում երևում է, թե ինչ պայմաններում են պահվում պատերազմում զոհվածների դիերը Աբովյանի դիրահերձարանում։ Կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։

Հունիսի 3-ին կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։

Լիա Ավագյան

Մեկնաբանել