Հաշված ժամեր են մնացել Եվրո 2012-ի ավարտին: Այսօր Իսպանիա – Իտալիա դիմակայության արդյունքում հայտնի կդառնա Եվրոպայի չեմպիոնը` կշարունակի՞ Իսպանիան ևս 4 տարի կրել մայրցամաքի չեմպիոնի կոչումը, թե՞ Իտալիայի ընտրանին վերջապես կհաղթի անպարտելի թվացող իսպանացիներին:
Թիմերի անցած ճանապարհը.
Խմբային փուլում այս թիմերը հանդիպել են միմյանց, սակայն այդուհետ միանգամայն տարբեր է եղել նրանց անցած ճանապարհը: Իսպանիան այսօրվա մրցակցի հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո հաղթեց Իռլանդիային և Խորվաթիային ու, վաստակելով 7 միավոր, C խմբից առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այստեղ Ֆրանսիայի ընտրանին առանձնակի խնդիրներ չառաջացրեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների համար: Փոխարենը` Դել Բոսկեի սաները մեծ դժվարությամբ հաղթահարեցին կիսաեզրափակչի արգելքը. միայն ետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Պորտուգալիային:
Իսպանիա – Իտալիա` 1:1
Իսպանիա – Իռլանդիա` 4:0
Խորվաթիա – Իսպանիա` 0:1
Իսպանիա – Ֆրանսիա` 2:0
Պորտուգալիա – Իսպանիա` 0:0 (2:4):
Իտալիան շատ ավելի բարդ ճանապարհ անցավ: Մեկնարկային հանդիպումից հետո «Սկուադրա աձուրան» ոչ-ոքի խաղաց նաև Խորվաթիայի հետ, իսկ խմբային փուլի վերջին տուրում հաղթեց Իռլանդիային և 5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Այստեղ նա կարող էր զրկվել քառորդ եզրափակչից, եթե Իսպանիա – Խորվաթիա հանդիպումն ավարտվեր 2:2 հաշվով, կամ ավելի արդյունավետ ոչ-ոքի գրանցվեր: Քառորդ եզրափակչում Պրանդելի սաների առավելությունն ակնհայտ էր անգլիացիների նկատմամբ, սակայն ամեն ինչ որոշվեց ետխաղյա 11 մետրանոցների արդյունքում, իսկ կիսաեզրափակչում իտալացիների մոտ ամեն ինչ ստացվեց և նրանք հաղթեցին առաջնության հիմնական ֆավորիտներից մեկին` Գերմանիային:
Իսպանիա – Իտալիա` 1:1
Խորվաթիա – Իտալիա` 1:1
Իտալիա – Իռլանդիա` 2:0
Անգլիա – Իտալիա` 0:0 (2:4)
Գերմանիա – Իտալիա` 1:2:
Պատմություն.
Իսպանիայի և Իտալիայի հավաքականները միմյանց հանդիպել են 30 անգամ: Աշխարհի քառակի չեմպիոնները 10 հաղթանակ են տարել, 8 պարտություն կրել, ևս 12 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Ընդհանուր խփած գոլերի թվով նույնպես առջևում իտալացիներն են` 39 – 30: Պաշտոնական հանդիպումներում Իսպանիան երբեք չի հաղթել Իտալիային` 7 խաղ` 4 ոչ-ոքի, 3 պարտություն, բայց սա վերաբերում է հիմնական ժամանակին, քանի որ Եվրո 2008-ի քառորդ եզրափակչում իսպանացիները հաղթեցին ետխաղյա 11 մետրանոցներով:
Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը պաշտոնական հանդիպումներում ոչ մի պարտություն չի կրել` 10 հաղթանակ, 5 ոչ-ոքի:
Իսպանիայի հավաքականը կարող է դառնալ միակ թիմը, որը 2 անգամ անընդմեջ կհաղթի Եվրոպայի առաջնությունը:
Եվրո 2012-ում Իտալիան և Իսպանիան բոլորից շատ են հարվածել մրցակիցների դարպասներին` համապատասխանաբար 99 և 86 անգամ: Այս ցուցանիշով լավագույնը Մարիո Բալոտելին է 10 հարված: Իսպանիայի հավաքականի դարպասին մրցակիցները հարվածել են ընդամենը 12 անգամ, որից 6-ը իտալացիները:
Իկեր Կասիլյասն արդեն 419 րոպե գոլ չի ընդունել, վերջին անգամ նրա դարպասը գրավել է Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին:
Կազմերը.
Երկու թիմերն էլ որոշիչ հանդիպմանը մոտեցել են առանց կորուստների բոլոր խաղացողներն առողջ են և ոչ մի որակազրկված ֆուտբոլիստ չկա: Վիսենտե դել Բոսկեն դժվար թե ռիսկի դիմի և 1 հարձակվողից ավելի հանի խաղադաշտ, հնարավոր է անգամ Տորեսը չլինի մեկնարկային կազմում և հարձակվողի դերը կատարի Սեսկ Ֆաբրեգասը, ինչպես դա եղավ իտալիայի հետ առաջին խաղում:
Նույնը կարելի է ասել նաև Պրանդելիի մասին. Իտալիայի հավաքականի պաշտպանական գծում ամենայն հավանականությամբ փոփոխություններ կտեսնենք, քանի որ շարք են վերադարձել աջ պաշտպաններ Մաջոն և Աբատեն:
Ենթադրվող մեկնարկային կազմերը.
N | Իսպանիա | N | Իտալիա |
1 | Իկեր Կասիլյաս | 1 | Ջանլուիջի Բուֆոն |
3 | Խերարդ Պիկե | 7 | Ինյացիո Աբատե |
15 | Սերխիո Ռամոս | 3 | Ջորջիո Կելինի |
17 | Ալվարո Արբելոա | 19 | Լեոնարդո Բոնուչի |
18 | Խորդի Ալբա | 5 | Տիագո Մոտա |
6 | Անդրես Ինյեստա | 8 | Կլաուդիո Մարկիզիո |
8 | Չավի | 18 | Ռիկարդո Մոնտոլիվո |
10 | Սեսկ Ֆաբրեգաս | 16 | Դանիելե դե Ռոսի |
14 | Խաբի Ալոնսո | 21 | Անդրեա Պիրլո |
16 | Սերխիո Բուսկետս | 9 | Մարիո Բալոտելի |
21 | Դավիդ Սիլվա | 10 | Անտոնիո Կասանո |
Մարզիչների կարծիքները.
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Բոսկե. «Ճիշտ է, Իտալիան վերջին տարիներին չի հասել բարձր նվաճումների, սակայն պետք չէ մոռանալ, որ նա Աշխարհի քառակի չեմպիոն է։ Վաղվա հանդիպմանը 2 թիմերը հավասարապես պատրաստված են։ Այդ պատճառով էլ հավաքականների հնարավորությունները լիովին հավասար եմ համարում։ 2006 թվականի Աշխարհի առաջնությունից սկսած Իսպանիայի կազմի հիմնական կորիզը պահպանվել է, սակայն չեմ կարող ասել, որ հիմա նույն կերպ ենք խաղում, ինչ 6 տարի առաջ։ Բուսկետսի, Մատայի, Ալբայի նման երիտասարդ խաղացողները նոր շունչ են տվել հավաքականին։ Մի բան հաստատ մնացել է անփոփոխ՝ հաղթելու ցանկությունը»:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելի. «Իսպանիայի հավաքականն աշխարհի ուժեղագույն թիմն է: Իսպանացիները դա ամեն տարի ապացուցում են: Նրանք չեն դավաճանում իրենց խաղային փիլիսոփայությանը և հաղթում են անխտիր բոլորին: Շատ բարդ հանդիպում է սպասվում: Իտալիայի նախագահ Ջորջո Նապիլիտանոն մեզ ոգեշնչող նամակ է ուղարկել: Դա մեծ պատիվ է մեզ համար: Հուսով եմ` կարդարացնենք նրա սպասելիքները: Շատերը չէին հավատում մեր հաջողությանը, բայց նա միշտ հավատացել է: Մենք բարձրակարգ կենտրոնական պաշտպաններ ունենք և Անդրեա Պիրլոյի նման հրաշալի խաղարկող: Մեր թիմը շատ լավ մարզավիճակում է: Այդուհանդերձ, չենք փորձի ամբողջ խաղի ընթացքում տիրել նախաձեռնությանը»:
Բուքմեյքերներ. Խմբային փուլում այս թիմերի մասնակցությամբ հանդիպումից առաջ բուքմեյքերները բացահայտ առավելությունը տվել էին Իսպանիայի հավաքականին` նրանց հաղթանակը գնահատելով 1.7 – 1.9 գործակցով: Այժմ նույնպես բուքմեյքերները հավատում են իսպանացիների հաղթանակին, սակայն գործակիցները զգալիորեն փոխվել են.
Marathon` 2,25/3,20/3,70
Fonbet` 2,15/3,20/3,55
William Hill` 2,25/3,10/3,50
Մարզադաշտ, մրացավար.
Հանդիպումը կկայանա Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որը տեղավորում է 70 500 երկրպագու: Այն կդատի պորտուգալացի Պեդրու Պրոենսայի գլխավորած մրցավարական բրիգադը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com