Իսպանիան 2-րդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ, ֆոտոշարք)

Իսպանիայի հավաքականը Եվրո 2012-ի եզրափակչում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ այս մրցաշարի ամենագեղեցիկ ֆուտբոլը ցուցադրող Իտալիայի ընտրանու նկատմամբ և դարձավ միակ թիմը, որը 2-րդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Մեկնարկային կազմերի հետ կապված մարզիչներն անականկալներ չմատուցեցին. Դել Բոսկեն կրկին նախընտրեց խաղալ առանց մաքուր հարձակվողի` այդ դիրքը վստահելով Սեսկ Ֆաբրեգասին, իսկ Պրանդելին ընդամենը 1 փոփոխություն էր կատարել` աջ պաշտպանի դիրքը վստահելով Ինացիո Աբատեին: Հակառակ բազմաթիվ կանխատեսումների` հանդիպումը բավականին բարձր տեմպով մեկնարկեց:

Առաջին 5 րեպեների ակտիվությունից հետո Պրանդելիի սաները նախաձեռնությունը զիջեցին իսպանացիներին: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների առաջին իսկ վտանգավոր գրոհն ավարտվեց գոլով. Սեսկ Ֆաբրեգասը աջ եզրով հրաշալի անցում կատարեց և գնդակը փոխանցեց կենտրոնական հարձակվողի դիրքում հայտնված Դավիդ Սիլվային, վերջինս գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: 21-րդ րոպեին Կելինին վնասվածք ստացավ և նրա փոխարեն խաղադաշտ մտավ Բալցարետին:

Ընդունած գոլից հետո իտալացիները սկսեցին ավելի ակտիվորեն առաջ ընթանալ և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն եզրափակիչ հարվածը չէր ստացվում: 41-րդ րոպեին Խորդի Ալբան ապացուցեց, որ արժանի է Իսպաիայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ համարվել: Մի քանի օր առաջ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքած պաշտպանը մրցակցի տուգանային հրապարակում հրաշալի փոխանցում ստացավ Չավիից և փորձառու հարձակվողի սառնասրտությամբ ոչ մի շանս չտվեց Բուֆոնին:

Երկրորդ խաղակեսում հանդիպման տեմպն ավելի բարձրացավ: Իտալացիներն առաջին իսկ րոպեներից նետվեցին գրոհների: 51-րդ րոպեին Անտոնիո դի Նատալեն, ով ընդմիջումից անմիջապես հետո փոխարինել էր Անտոնիո Կասանոյին, պարզապես պարտավոր էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն նրա հարվածից հետո Իկեր Կասիլյասն անհավանական սեյվ կատարեց: Նշենք, որ մինչ այդ Ռամոսի հարվածից հետո գնդակը դիպավ Բունիչիի ձեռքին, սակայն մրցավարը չնշանակեց 11 մետրանոց:

57-րդ րոպեին Չեզարե Պրանդելին իր վերջին փոփոխությունը կատարեց` Մոնտոլիվոյի փոխարեն խաղադաշտ մտցնելով Տիագո Մոտային, ով ընդամենը 4 րոպե խաղաց. 61-րդ րոպեին Մոտան վնասվածք ստացավ ու Իտալիայի հավաքականին թողեց 10 հոգով: Այդուհետ իտալացիները ոչինչ չկարողացան անել: 75-րդ րոպեին Վիսենտե դել Բոսկեն Ֆաբրեգասին փոխարինեց Ֆերնանդո Տորեսով, ով էլ 84-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր:

Շուտով աշխատեց նաև դել Բոսկեի 2-րդ փոփոխությունը. 87-րդ րոպեին Անդրես Ինյեստային փոխարինած Խուն Մատան դրեց հանդիպման վերջակետը: Իսպանիա – Իտալիա` 4:0: Իսպանիայի հավաքականը 2-րդ անգամ անընդմեջ նվաճում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` սահմանելով բոլոր հնարավոր ռեկորդները:

http://www.dailymotion.com/video/xrw8o1_s-i-footyroom-com_animals

Մեկնաբանել