Սաակաշվիլին նոր վարչապետ է նշանակել

Հանգստյան օրերին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնից ազատել է վարչապետ Նիկա Գիլաուրիին՝ նրա փոխարեն վարչապետ նշանակելով ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: Վերջինս ներքին գործերի նախարար է աշխատել սկսած 2004թ., իսկ Գիլաուրին վարչապետի պաշտոնում է 2009-ից:

Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ Սաակաշվիլին այս քայլով փորձում է առաջ քաշելի իր քաղաքական հիմնական և գլխավոր ժառանգորդին:

Մերաբիշվիլին համարվում է Վրաստանի ներկայիս իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Սաակաշվիլին նրան բազմիցս անվանել է «իշխանության ողնաշար, փորձառու և հմուտ աշխատող»:

Նոր վարչապետի թեկնածության և կառավարության կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի վաղը: Խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում արտահերթ նիստին պետք է քննարկի կառավարության կազմը և ծրագիրը: Հաստատման համար անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնություն: Եթե խորհրդարանը երեք անգամ մերժի և վստահություն չհայտնի կառավարությանը, նախագահը պետք է կառավարության նոր կազմ ներկայացնի:

Մեկնաբանել