Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի նոր առաջնորդ Աբդ ալ Բասիտ Սիդան կայցելի Մոսկվա հուլիսի 10-ից հետո, ռուսական «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք Սիրիայի ազգային խորհրդի նոր նախագահ Սիդային հրավիրել ենք Մոսկվա։ Մենք լիահույս ենք, որ հուլիսի երկրորդ տասնօրկայում՝ ամսի 10-ից հետո, նա կայցելի Ռուսաստան»,- ասել է Միխայիլ Բոգդանովը։
Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում Սիրիայի ազգային խորհրդի նախագահը հնարավոր է՝ հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Ռիա Նովոստի»-ի դիվանագիտական աղբյուրը գործակալությանը հաղորդել է, որ հուլիսի կեսին Ռուսաստան է այցելելու նաև ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Քոֆի Անանը։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ Ռուսաստանի ղեկավարության հետ, սակայն այցի ստույգ ժամկետն ու վայրը առայժմ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է անցյալ տարվա մարտից։