Մայիսին եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 11,1%՝ ապրիլի 11%-ի համեմատ։ Այս մասին են վկայում Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալները։ Հատկանշական է, որ սա առավելագույն ցուցանիշն է 1995թ․ ի վեր։
Պարտքային ճգնաժամի խորացումը եվրոպական ընկերություններին հարկադրում է կրճատել ծախսերը՝ շահութաբերությունը չնվազեցնելու նպատակով, նշում են փորձագետները՝ հավելելով, որ ճգնաժամը բացասաբար է անդրադառնում արտահանման և սպառողական ծախսերի վրա։ Թույլ պահանջարկը, իր հերթին, հանգեցնում է զանգվածային կրճատումների․ մայիսին տարածաշրջանում գործազուրկների թիվն ապրիլի համեմատ աճել է 88 հազ-ով՝ մինչև 17,56 մլն մարդ։ Վերջին 12 ամսում գործազուրկ է դարձել եվրոգոտու 1,82 մլն բնակիչ։
Գործազրկության ամենաբարձր մակարդակը մայիսին արձանագրվել է Իսպանիայում՝ 24,6%՝ ապրիլի 14,3%-ի համեմատ: Գործազրկության ցուցանիշով երկրորդ տեղում Հունաստանն է՝ 21,9%։ Դրական վիճակագրություն է արձանագրել Իտալիան․ վերջին 12 ամսում գործազրկության մակարդակն այս երկրում նվազել է։ Մայիսին ցուցանիշը կազմել է 10,1%՝ նախորդ ամսվա 10,2%-ի համեմատ։ Գործազրկության ամենացածր մակարդակն արձանագրել են Ավստրիան և Նիդեռլանդները՝ 4,1% և 5,1%՝ համապատասխանաբար։
Համեմատության համար նշենք, որ մայիսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը վերջին երեք տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրել՝ 8,1%։ Նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ երկրում գործազրկության հետ կապված խնդիրները ծագել են հիմնականում եվրոգոտու ճգնաժամի պատճառով։
Եվրոստատի տվյալների համաձայն՝ մայիսին ԵՄ-ում գործազրկությունը կազմել է 10,3%՝ ապրիլի 10,2%-ի համեմատ․ ներկայում գործազուրկ եվրոպացիների թիվը շուրջ 24 հազ․ է։