Մենք զսպում ենք Ադրբեջանին. Արծրուն Հովհաննիսյան

«Մեր խնդիրը հիմնականում Ադրբեջանին զսպվածության վիճակում պահելն է` անկախ սպառազինության վրա ծախսվող այդ միլիոնավոր դոլարների, և դա մեզ հաջողվում է»,- «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման հյուրասրահում ասաց ՊՆ նորանշանակ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի ներդնումներն այս ոլորտում անտեսել չի կարելի, սակայն պետք է հաշվի առնել, որ անընդհատ նորացվող և համալրվող սպառազինություններն, ի վերջո, մարդիկ են գործածում: «Մարդու գործոնը շատ կարևոր է, և նորություն չէ, որ Ադրբեջանը և´ նախկինում, և´ հիմա օգտագործում է վարձկանների ուժը»,- նշեց նա` հիշեցնելով, որ հայոց նկատմամբ ոչ այնքան բարեհաճ տրամադրված անգլիացի փորձագետներն անգամ հայոց բանակին առավել բարձր գնահատական են տվել: «Ցանկացած դիվերսիոն գործողություն, որ տապալվում է, մեծապես ազդում է բանակի մարտունակության վրա,- հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողության կանխումը հիշեցրեց փորձագետը,- և դիվերսիոն գործողության ամեն մի հատիկ անհաջողությունը կատաստրոֆա է»:

Նորանշանակ խոսնակը նշեց, որ նախատեսում է որոշակիորեն նորացնել ՊՆ-հասարակություն հարաբերությունը, քանի որ տեխնոլոգիական դարաշրջանը փոխել է նաև բանակ-հասարակություն կապը` զինվորը կամ սպան հեռախոսազրույցով, հաղորդագրությամբ կամ համացանցով իրենց տեսանկյունից` սուբյեկտիվ տեղեկություններ փոխանցով` լուրը հասցնում են հասարակությանը նվազագույնը` միակողմանի, երբեմն էլ աղավաղված:

«Սահմանագծում միջադեպերը չեն ավելացել, սակայն առավել թափանցիկ է դարձել բանակը,- ասաց նա,- և մենք պիտի ոչ թե կուրորեն փակենք տեղեկատվությունը, ինչպես անում է Ադրբեջանը, այլ պիտի հասկանանք այդ տեղեկատվության օգուտն ու վնասը, որովհետև նախևառաջ մենք գտնվում ենք փաստացի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ (ես կասեի` պատերազմ) վիճակում»:

Հովհաննիսյանն անդրադաձավ նաև Ամերիկայի` Ադրբեջանին զենք չվաճառելու որոշմանը. ըստ նրա` դա կապված է ոչ այնքան ղարաբաղյան կոնֆլիկտի հետ, որքան` մերձկասպյան ընդհանուր զարգացումների:

Մեկնաբանել