61-ամյա միլիարդատերը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ քայթսերֆով անցնելով Լա Մանշ նեղուցը

Virgin ընկերության սեփականատեր արկածախնդիր Ռիչարդ Բրենսոնը երկրորդ փորձից մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես քայթսերֆով Լա Մանշն անցած ամենատարեց մարդ: Բրենսոնը քայթսերֆով անցել է Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսությունից մինչև Հյուսիսային Ֆրանսիա՝ 3 ժամ 45 րոպեում հաղթահարելով 50 կմ հեռավորություն:

Տարեց մագնատը նաև ամենաարագընթաց ծովագնացի տիտղոսը նվաճելու հույս ուներ, սակայն այս գործում նրանից առաջ է անցել իր իսկ որդին՝ 26-ամյա Սեմը, որն այս հեռավորությունը հաղթահարել է ընդամենը 2 ժամ 18 րոպեում:

Ռեկորդակիր գործարարի խոսքով՝ արկածախնդրությունը շատ ավելի հոգնեցուցիչ էր, քան ինքն ակնկալում էր, քանի որ անհրաժեշտ էր պայքարել ուժեղ քամու և ալիքների դեմ:

Ռիչարդ Բրենսոնը էքստրեմալ մարզաձևերի սիրահար է: 1987-ին նա օդապարիկով կտրել-անցել էր Ատլանտիկ օվկիանոսը, իսկ 1991-ին՝ Խաղաղ օվկիանոսը՝ Ճապոնիայից մինչև Կանադա:

Բրենսոնի սեփականություն հանդիսացող Virgin կորպորացիան բաղկացած է 350 մասնաճյուղից. երաժշտական բիզնեսից բացի՝ Բրենսոնը ներգրավված է նաև երկաթուղային տրանսպորտի և ավիափոխադրումների բիզնեսում, ունի սեփական հրատարակություն ու ռադիոկայան:

Forbes ամսագրի տվյալներով՝ Բրենսոնի կարողությունը գնահատվում է 4,2 մլրդ դոլար: Միացյալ Թագավորության ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 4-րդ, իսկ ամբողջ աշխարհի միլիարդատերերի ցուցակում՝ 255-րդ տեղերը:

Մեկնաբանել