ՀՅԴ-ն սատարում է հաղթողին, որ գաղափարը պարտվող չհամարվի

«Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև»-ի հաղորդավար Արտակ Ալեքսանյանի` «Արցախի ընտրություններում շարքային դաշնակցականները կարծում էին, որ Դաշնակցությունը պաշտպանելու է Վիտալի Բալասանանին, սակայն ՀՅԴ-ն սատարեց Բակո Սահակյանին» դիտարկմանն ի պատասխան «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Բակո Սահակյանն այսօր պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը` հիմնված երկու հանրաքվեների վրա: Ես հիմա կարող է մի քիչ ավելի կոպիտ բան ասեմ, բայց, պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ Դաշնակցությունը պաշտպանի մի անձի, որ պարտություն է կրելու նախագահական ընտրություններում, և ստացվում է, որ ոչ թե պարզապես այդ անձն է պարտություն կրել, այլ` այդ գիծը, այդ տեսակետն է պարտություն կրել: Եվ հաշվի առնելով Բակո Սահակյանի անձը, նրա վճռականությունը այս գիծը պահելու առումով, այս որոշումը հիմնավորված է եղել: Քանի որ վստահ եմ, որ եթե այս հարցում լինենք միակամ, մենք կունենանք ավելի պաշտպանված Արցախ»:

Մինասյանը հաստատեց տեղեկությունը, որ հուլիսի 5-ին Վանաձորում տեղի է ունենալու ՀՅԴ Գերագույն ժողովը, ուր ընտրվելու է Գերագույն մարմին: «Սա ՀՅԴ հերթական ժողովն է, որ տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, և քանի որ այստեղ ամեն ինչ քննարկվում է բաց և թափանցիկ` ժողովրդավարության բոլոր օրենքների պահպանմամբ, ճիշտ չենք համարում այն անցկացնել այլոց համար բաց»,- նշեց նա:

«Դաշնակցության դեմ սկսվել է արշավ,- հայտարարեց Մինասյանը,- այն հրահրվում է արտաքին ուժերի կողմից. օգտագործելով տեղի աղբյուրները` փորձ է արվում թուլացնել ՀՅԴ-ն»: Այս ապազգային գործին, ըստ նրա, լծված են կենտրոններ, որոնք այս վերջին տարիներին անդադար փորձել են թուլացնել հայոց իմունային համակարգը և պարտադրել ստրկային վիճակին համակերպվել:

Արծվիկ Մինասյանը նաև ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ է: Ըստ նրա` այս հանձնաժողովը, եթե բոլոր անդամները լինեն հետևողական, կարող է ձևավորել նոր մշակույթ կառավարման համակարգում, իսկ այստեղ կայացված որոշումները կարող են լինել թե նախադեպային, թե կանխարգելիչ, թե նույնիսկ` քրեական (ասենք` ուրիշի փոխարեն քվերակելը կամ քվեարկության արդյունքները կեղծելը):

Բարոյական բազմաթիվ նորմերի կարիք կա, որոնք դեռ ներառված չեն հանձնաժողովի կանոնակարգում, սակայն Մինասյանը վստահ է, որ աշխատանքի արդյունքում օրենքն էլ փոփոխության կենթարկվի` ներառելով անհրաժեշտ դրույթները:

Մինասյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողով կարող են դիմել բոլորը`ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ նույնիսկ այլ երկրների քաղաքացիներ, եթե ունեն տեղեկություններ, որ, օրինակ, ՀՀ ԱԺ պատգամավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: «Այս դրույթը, ի դեպ, միակն է, որի հաստատման դեպքում պատգամավորը կարող է զրկվել մանդատից»,- ասաց նա:

Մինասյանի դիտարկմամբ` էթիկայի հանձնաժողովն իրականում կարող է առավել քաղաքակիրթ դարձնել խորհրդարանական մշակույթը: «Ես հույս ունեմ, մանավանդ, որ այս ընթացքում խորհրդակցություններ ենք ունեցել բազմաթիվ պատգամավորների հետ, որ բիզնես ունեին, և կարող եմ վստահեցնել, որ նրանցից շատերը այս ընթացքում օրենքով նախատեսված կարգով հասցրել են իրենց գործարար շահերը համապատասխանաբար ձևակերպել: Սակայն շատ կարևոր է, որ հենց պատգամավորները հասկանան, որ իրենք պիտի դառնան օրենքի կատարողը»,- ասաց նա:

Մեկնաբանել