«Հարսնաքար»-ի գործում կան այլ կողմեր ևս

«Հուլիսի 3-ին հանրության ճնշման ալիքի ազդեցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց ԱԺ մանդատը վայր դնելու մասին: Պատճառը հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի խումբ ռազմական բժիշկների խոշտանգումն է, որի արդյունքում ծեծի ենթարկվածներից մեկը` Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել է:

Ռուբեն Հայրապետյանի` նախագահական նստավայր գնալը և դրանից անմիջապես հետո մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն անելը հերթական անգամ մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին: Դա նաև փորձ էր կասեցնել Ազգային ժողովում խնդրի շուրջ ակնկալվող լայնածավալ քննարկումները:
Հասարակական ճնշումը չի´ դադարելու:

Կան գործի այլ կողմեր ևս: Հաստատված փաստ է, որ ծեծի մասնակիցների թվում են եղել Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ: Սա հիմք է ենթադրելու, որ հունիսի 17-ի հանցագործության ժամանակ «Հարսնաքարում» է գտնվել, չի բացառվում` հաշվեհարդարի հրահանգ է տվել հենց ինքը` Ռուբեն Հայրապետյանը:
Պահանջում ենք`
1. Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ:
2. Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
3. Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Հիշեցնում ենք, որ այսօր` 04.07.2012թ., ժ 10:00 Ազգային ժողովի մոտ տեղի է ունենալու ակցիա` վերոնշյալ պահանջներով: Այդ ժամին ԱԺ-ի դահլիճում ներկա են լինելու բոլոր խմբակցությունները` մասնակցելու Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել