Կիպրոսը բանակցում է ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ՝ ֆինանսական օգնության չափը գնահատելու շուրջ

Կիպրոսը սկսել է բանակցությունները Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ գնահատելու իր երկրի բանկային հատվածի աջակցության համար անհրաժեշտ ֆինանսական օգնության չափը, հաղորդում է AP-ն։

Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Շիարլին հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում «եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և ԱՄՀ) ներկայացուցիչները կհանդիպեն Կիպրոսի կառավարության և Կենտրոնական բանկի ղեկավարության հետ՝ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով։ Շիարլիի խոսքով՝ բանակցությունները կավարտվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։

Կղզու բնակիչները մտավախություն ունեն, որ արտաքին ֆինանսական աջակցությունը կհանգեցնի աշխատավարձերի կրճատմանն ու բյուջետային աշխատատեղերի կրճատմանը, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի փոփոխությունների և հարկերի բարձրացմանը։

Հիշեցնենք, որ Կիպրոսը եվրոգոտու հինգերորդ երկիրն է Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո, որ դիմել է ԵՄ ֆինանսական օգնությանը։ Կիպրոսը հայտարարել էր, որ աջակցություն է խնդրում իր բանկային հատվածի փրկության համար, որը խիստ տուժել է Հունաստանի ճգնաժամի հետևանքով։

Մեկնաբանել