«Մանչեստեր Յունայթիդ»-ը IPO-ի համար ընտրել է Նյու Յորքի բորսան

«Մանչեստեր Յունայթիդ» ֆուտբոլային ակումբը երեկ հայտարարել է իր IPO-ն Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) անցկացնելու որոշման մասին, հաղորդում է AP-ն։

Ակումբը մտադիր է բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման ընթացքում մոտ $100 մլն ներգրավել։ Սակայն գումարի այս չափը վերջնական չէ, և IPO-ի նախապատրաստման ընթացքում դեռ կարող է փոխվել, ասված է ակումբի՝ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (Securities and Exchange Commission, SEC) ներկայացրած փաստաթղթերում։

«Մանչեստեր Յունայթիդ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխման գինն ու այլ չափորոշիչներ դեռ հայտնի չեն։ Ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում շահաբաժիններ վճարել բաժնետոմսերի պահառուներին։ «Ներգրավված բոլոր միջոցները մտադիր չենք հատկացնել մեր պարտքի կրճատմանը»,- ասված է SEC-ին ներկայացված փաստաթղթերում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ակումբն իր IPO-ի կազմակերպման համար կընտրի Սինգապուրի բորսան։ Սակայն 2012թ․ հունիսին հայտնի դարձավ, որ տեղաբաշխման համար ընտրվել է ամերիկյան բորսա։

1991-2005 թթ․ «Մանչեստեր Յունայթիդ»-ի բաժնետոմսերը վաճառվել են Լոնդոնի ֆոնդային բորսայում։

Հատկանշական է, որ ակումբը սովորաբար գլխավորում է սպորտային ամենաթանկ բրենդների վարկանիշը։ Այսպես, 2012թ մայիսին Brand Finance գործակալությունը «Մանչեստեր Յունայթիդ» բրենդը գնահատել էր $853 մլն։ Ավելի վաղ՝ ապրիլին, Forbes-ի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշում այն զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։

Մեկնաբանել