Օգտագործե՛նք Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը մեր գերիներին վերադարձնելու համար․ Էրիկ Հակոբյան

Այս շաբաթ մենք կքնարկենք երկու թեմա՝ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացրած հարցումները Հայաստանում հնչեղություն ունեցող տարբեր թեմաների, մասնավորապես առաջիկա ընտրությունների վերաբերյալ և ոչ միայն։

Երկրորդ թեման կլինի այս տարվա եվրոպական առաջնությունը։

Նախ, ընդգծեմ, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի այս հարցումները իրականացվել են նախքան Ադրբեջանի կողմից Հայաստանի հանրապետության Սյունիք ու Գեղարքունիք մարզերի սահմաններ ներխուժումը և անցյալ շաբաթ մեր զինվորների առևանգումը։

Ուստի պետք է հաշվի առնենք, որ այս հարցման շուրջ խոսելու ենք համատեքստում, երբ այդ դեպքերը դեռ տեղի չէին ունեցել, ուստի այս հարցումներում վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ աջակցությունը ուռճացված է, իսկ ընդդիմության հանդեպ աջակցությունը՝ նվազեցված։

Այժմ անցնենք հարցումներում ամենակարևորին՝ ընտրություններին մասնակցող անձանց նկատմամբ դրական ու բացասական արձագանքներին։

Ցուցակում ամենաբարձր վարկանիշ ունեցող անունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանինն է՝ 45/32. Առաջին թիվը «բարենպաստ» և «որոշ չափով բարենպաստ» համարողների, երկրորդը՝ «շատ անբարենպաստ» և «որոշ չափով անբարենպաստ» համարողների տոկոսներն են։

Անցնենք Քոչարյանին և նրա «Հայաստան» դաշինքին։ Այս դեպքում այդ հարաբերակցությունը 20/58 է, Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում՝ 25/53, Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեպքում այդ տոկոսային հարաբերությունը 23/48 է, իսկ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության բարենպաստ և ոչ բարենպաստ ձայների հարաբերակցությունը 10/69 է։ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի առաջին նախագահի և Հայ ազգային կոնգրեսի դեպքում այդ հարաբերակցությունը 11/42 է։

Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ ընտրական դաշտում մեծամասամբ ոչ ոք չի վայելում հսկայական համակրանք, իսկ ընտրացուցակում առկա ուժերի մեծ մասի դեպքում Հայաստանի քաղաքացիների շրջանում բացարձակ համակրանք վայելող ուժեր չկան։

Իհարկե, մենք չպետք է այս թվերը նույնականացնենք այն ձայների հետ, որոնք նրանք կարող են ստանալ ընտրություններում։ Նախ, մենք ճգնաժամային վիճակում ենք, և նման իրավիճակում մարդիկ կարող են ընտրել անձանց, ում չեն համակրում։ Դրա նախադեպը եղել է բազմաթիվ արևմտյան ընտրություններում, օրինակ՝ ԱՄՆ-ի դեպքում, երբ մարդիկ կանգնած էին երկընտրանքի առաջ և ստիպված էին կատարել ընտրություն, որը սովորական հանգամանքներում չէին անի։

Հարցվածների կողմից գլխավոր խնդիրների առաջին քառյակում են.

1/ երկրում քաղաքական անկայունությունը նոյեմբերին պատերազմի ավարտից ի վեր,

2/ մեր ռազմագերիների վերադարձը,

3/ տնտեսություն և հետկովիդյան վերականգնման շուրջ մտահոգությունները,

4/ մեկ այլ պատերազմի վտանգը

Կարծում եմ՝ համար չորսն այժմ շատ ավելի էական է, քան այն ժամանակ, երբ անցկացվեցին հարցումները։

Հասկանանք՝ ինչ են նշանակում այս թվերն ու արդյունքները։ Առաջին, մեր ամբողջ քաղաքական դասակարգը ժողովրդականություն չի վայելում։ Ոչ ոք չի վայելում հանրության լայն շերտերի բացարձակ աջակցությունը։ Եվ մենք բացառություն չենք, աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերում պատկերն այսպիսին է։

Երկրորդ ակնհայտ բանը՝ ինքին հին վարչակարգ-ընդդիմության ներսում բաժանումը իրականում վնասում է Քոչարյանին, որովհետև ակնհայտ է՝ այդ հին վարչակարգ-ընդդիմություն կուսակցություններից խորհրդարան հնարավոր է՝ մտնի հենց Քոչարյանինը։ Նա ունի ամենամեծ ռեսուրսները և վարում է լավագույն նախընտրական քարոզչությունը այդ կուսակցությունների շարքում։

Հին վարչակարգ-ընդդիմության շարքում Սերժ Սարգսյանի հետ ունեցած այս բաժանման արդյունքում կարող է իրավիճակ ստեղծվել, երբ վերջինս տանում է ձայներ, որոնք հակառակ պարագայում կգնային Ռոբերտ Քոչարյանին։

Չեմ զարմանա, եթե հաշվի առնելով խորհրդարան մտնելու 5-7 տոկոսի շեմը, հին վարչակարգին հարող այս կուսակցություններից որոշները ընտրությունների նախաշեմին դուրս գան մրցապայքարից և միանան Քոչարյանին՝ օգնելու ամրացնել վերջինիս դիրքերը։

Երրորդ՝ դեռ պետք է հայտնվի «երրորդ ուժը», որը կապված չէ ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունների հետ։ Կա հնարավորություն, որ կհայտնվի մեկը, ով կներկայացնի այդ երրորդ ուժը, սակայն այժմ մենք նման բան դեռ չենք տեսնում։

Չորրորդ՝ երբ նայում ենք վերոնշյալ նախընտրական շեմին, խորհրդարանական համակարգերը հաղթողներին չափից շատ են պարգևատրում, օրինակ, կարող ես ստանալ ձայների 42 տոկոսը և ունենալ խորհրդարանում տեղերի 53 տոկոսը։

Կախված ընտրողների մասնակցությունից կամ բացակայությունից՝ ընտրողների մեծ զանգված կա, որը կարող է նախընտրել չմասնակցել ընտրություններին, կարող ենք ունենալ ընտրույթուններ, որոնք այնքան էլ չեն արտացոլում, թե որտեղ է երկիրը գտնվում այս պահին։

Հարցման մյուս մասում հարցեր են Արցախյան հիմնախնդրի շուրջ։ Հարցվածների 37 տոկոսը խոսել է բանակի բարեփոխումների ու հզորացման մասին՝ որպես արցախյան հարցի կարգավորման տարբերակ։ 16 տոկոսը խոսել է Ռուսաստանի հետ ավելի սերտ ինտեգրման մասին, իսկ 2 տոկոսը հավատում է, որ ադրբեջանական վարչակարգի հետ դիվանագիտական ջանքերը արդյունք կտան։

Նայենք, թե ինչպես է իրեն պահել Ալիևի վարչակարգը վերջին վեց ամիսներին։ Նախ, նրանց հաջողվել է մասնատված հայկական դաշտը լիովին համախմբել այն մտքի շուրջ, որ բանակի բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն, և պետք է կառուցել տեղական ռազմարդյունաբերական համալիր։ Երկրորդ՝ ամրապնդել են ռուսական դիրքերը Հարավային Կովկասում՝ ռազմական և քաղաքական առումով։

Հարցման մեջ առկա են նաև կորոնավիրուսի և խոսքի ազատության մասին բաժիններ։ Հարցվածների 71 տոկոսը ասել է, որ չի պատրաստվում պատվաստվել։ Որքան գիտեմ՝ սա աշխարհում իմ տեսած նմանատիպ հարցումներում ամենաբարձր տոկոսն է։ Եթե դա այդպես է, ապա բավականին անհանգստացնող և հուսահատեցնող թիվ է։ Խոսքի ազատության և ազատ ինքնարտահայտման մասին հարցումը, սակայն, ավելի խրախուսող է։ Հարցվածների 74 տոկոսը ասել է, որ բացարձակապես չի վախենում իր կարծիքը որևէ թեմայի շուրջ արտահայտելիս, 23 տոկոսը՝ վախենում է։

Եթե նայենք Արևմուտքում նման հարցումների արդյունքներին, ապա դրանք այնքան բարձր չեն, որքան Հայաստանում։ Մենք գիտենք, որ բացառությամբ Չինաստանի նման երկրների, բարգավաճող հասարակություն և արդյունավետ պետություն ստեղծելու համար պետք է ունենաս ազատություն, այս դեպքում՝ խոսքի ազատություն, և դա Հայաստանում մեծապես առկա է։ Իսկ ինչպես գիտենք, ազատ ժողովուրդը, անկախ իր առջև ծառացած դժվարություններից ու վայրիվերումներից, բավականաչափ ժամանակ ունենալու դեպքում ի վիճակի են լուծել այդ խնդիրները, նույնիսկ եթե այդ ազատությունը նշանակում է հավատալ հիմար բաների, ինչպիսին 74 տոկոսով պատվաստանյութերին դեմ լինելն է։

Եվ վերջում, խոսենք ֆուտբոլի եվրոպական առաջիկա առաջնության մասին, ինչը սովորաբար քաղաքական թեմա չէ, սակայն այս տարի այդպիսին է։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի պատճառով դրանք հետաձգվեցին և անցյալ տարվա փոխարեն անցկացվելու են այս տարի։

Այս տարի դրանք անց են կացվելու եվրոպական քաղաքներում, իսկ խաղերից չորսը՝ Բաքվում։ Ընդ որում, ՈՒԵՖԱ-ի կողմից ծրագրված այս խաղերից չորսի անցկացման վայրը շատ մոտ է Բաքվի ռազմական ավարների պուրակին։

Ֆուտբոլի ու կոռուպցիայի առնչությամբ ամենամոտ համեմատությունը կարող եմ անել, երբ 1978թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ արգենտինական գեներալները օգտագործեցին այն՝ կոծկելու իրենց հանցագործությունները, այդ թվում՝ 30 000 մարդկանց սպանությունը, երբ մարդիկ էին խոշտանգվում ու սպանվում առաջնության անցկացման վայրից ոչ շատ հեռու։

Ինչպես գիտենք, ադրբեջանական վարչակարգը շատ է անհանգստանում արտերկրում իր հեղինակությամբ։ Նրանք չեն ցանկանում, որ աշխարհը հասկանա վարչակարգի ռասիստական, բռնաճնշող ու նեոֆաշիստական բնույթը։ Այս խաղերը մեզ հնարավորություն են տալիս բարձրացնել հայ ռազմագերիների հարցը և ստիպել, որ ադրբեջանական վարչակարգը վճարի դրա դիմաց։ Բաքվում խաղերին մասնակցող երկրներից են Շվեյցարիան, Ուելսը և Թուրքիան։ Կարծում եմ՝ պետք է արշավ կազմակերպել՝ գնալով ՈՒԵՖԱ-ի կայք կամ նրանց ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերի էջեր, շվեյցարական ու ուելսական ֆուտբոլի ֆեդերացիայի կայքեր, և հարց ուղղել նրանց ու խաղացողներին՝ դիմելով խաղերի անցկացման վայրի տեղափոխման հարցով։ Կարծում եմ՝ սա մեծ ուշադրության կարժանանա։

Պատմական առումով սպորտը շատ դեպքերում քաղաքական հարցեր բարձրացնելու մեծ հարթակ է եղել՝ 70-80-ականներին Հարավային Աֆրիկայում ապարտեիդի դեմ պայքարից մինչև վերջերս Իսրայելի՝ Գազայի վրա հարձակման խնդրով։

Սպորտային հայտնի դեմքերին լսում են, քանի որ նրանք հրապարակայնություն են վայելում։

Եվ մեզ պետք է ստանալ նրանց աջակցությունը՝ ուշադրություն սևեռելու այն հանգամանքին, որ վարչակարգը չի կարող խաղեր հյուրընկալել Բաքվում, երբ բացարձակապես ապօրինի կերպով պահում է ռազմագերիների ու քաղաքացիական անձանց։

Եկեք ակտիվ լինենք և օգտագործենք այս առիթը՝ որպես Բաքվի վարչակարգին ճնշելու ու մեր գերիներին վերադարձնելու գործիք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել