Դպրոցի բակից մինչև «Հարսնաքար»-ի բակ

«Հարսնաքար»-ի բակում բժշկի մահվամբ ավարտված ծեծկռտուքը մեկն է այն բազմաթիվ «միջոցառումներից», որոնք այլանդակ ավանդույթով դարձել են գաղափարական բանավեճի ու կենցաղային խնդիրների վիճարկման ժամանակակից ամենատարածված տարբերակը:

Դպրոցի բակում տղաները բռունցքներով ու աքացիներով փորձում են պարտադրել ճշմարտության սեփական ընկալումը, իսկ ուսուցչին կամ ծնողին դիմելը համարվում է «մամայիբալիկություն»: Պոլիտեխնիկի բակում՝ «հինգի հետևը», բոլորը մեկի դեմ կամ մեկի ընկերությունը մյուսի ընկերության դեմ մարտավարական տեղաբաշխումներով ճշտում են՝ ասենք, «օրվա հերոսներից» ով պիտի մոտենա «վեճի օբյեկտ աղջկան», կամ ինչու մեկը պիտի լսարանից դուրս գալիս վերցնի նաև մյուսի տետրը. հազիվ թե որևէ պոլիտեխնիկցի գոնե մի քանի դեպքի ականատես եղած չլինի, երբ 4-5 տղա զգետնում են մեկին՝ անցորդի ինքնասիրությունն անգամ վիրավորող հայհոյանքներ ու դաժան ծեծ կիրառելով «սխալված» հասակակցի նկատմամբ: Բոլոր բուհերում այս «արարողակարգի» համար ավանդաբար սահմանված տեղեր կան՝ սեփական արյունոտ աստիճանահարթակները, և այդ «տեղանունները» հնչեցնելը համարժեք է միջնադարյան ձեռնոց նետելուն: Այդպես էլ աստիճանաբար մեր հասարակական կյանքին համապատասխանեցվում, առավել հիմնավորվում ու մանրամասն-ճյուղային զարգացում է ապրում սեփական ճիշտը հաստատելու, վիրավորված արժանապատվությունը վերականգնելու կամ մեղավորին պատժելու այս՝ աքացիների ավանդույթը: Եվ ստացվում է՝ ում ընկերները թիկնեղ են, նա ճիշտ է, նա կարող է «ծեծել-լարել-սպանել», պարտադրել սեփական՝ թեկուզ ախմախ «ճիշտը»:
Իսկ իրականում ո՞վ պիտի զբաղվի վիրավորված արժանապատվությամբ՝ ոստիկանությո՞ւնը՝ ձերբակալելով, ընկերությո՞ւնը՝ «քացու տակ առնելով», հասարակությո՞ւնը՝ չհանդուրժելով… Ո՞վ պիտի վերականգնի ոտնահարված իրավունքները՝ դատախազությո՞ւնը, լավ ծանոթությո՞ւնը, Եվրադատարա՞նը… Պատասխանները, կարծես, պարզ են, սակայն մեկն է իրականությունը՝ մենք չենք վստահում առկա իրավապահությանը, պետական առկա համակարգին, և զուգահեռ կերտում ու ենթակառուցվածքներով զարգացնում ու հիմնավորում ենք «մեր» կառավարման համակարգը, որտեղ ինքներս ենք «լուծում մեր հարցերը» ու ինքնադատաստանների միջոցով նժարին դնում «սեփական ճիշտն» ու «ուրիշի կյանքը» դպրոցի բակից մինչև «Հարսնաքար»-ի բակ: Ու ապրում ենք զուգահեռ պետություններում, զուգահեռ հասարակություններում, զուգահեռ արժեհամակարգերով:

Նայենք վերջին օրերի հեռուստաեթերը: Լուրերի թողարկումները լի են բժշկի մահվան ցավակցություններով, հասարակական տարբեր միջոցառումների ու բողոքի երթերի ծանուցումներով, հոգեբանասոցիոլոգիական վերլուծություններով, թե այս ամենը սերիալներում ներկայացվող դաժան տեսարանների արդյունքն է: Ավարտվում է լուրերի թողարկումը, և հիմար գովազդներից անմիջապես հետո սկսվում են նշված սերիալները՝ լի դաժանագույն և զարզանդեցնող զարգացում ենթադրող տեսարաններով: Տպավորություն է, որ հեռուստատեսությունների ղեկավարները վերջին օրերին միասին-միանգամից մեռել են, ու աշխատակիցներն անում են իրարից լրիվ անկախ՝ ով ինչ ուզում է կամ կարող է:

Անտերություն է նաև լայն հասարակական կյանքում: Ամեն մեկն ինքն է ընտրում՝ ո՛ր պետության քաղաքացին լինի և ո՛ր չափով, իր խնդիրը վերհանի ու լուծի ո՛ր արժեհամակարգով: Վիրավորված արժանապատվության բողոքով ես ոստիկանությանը չեմ դիմի, այսօր դա ինձ շատ տարօրինակ է թվում, բայց ուրիշի մռութը ջարդելով արդարությունը վերականգնելն էլ ինձ քմահաճ ու անմարդկային հիմարություն է թվում: Իմ պետությունն ակնհայտորեն դեռ չկա և ինչպե՞ս լինի: Կրթական մեր անզուգական նորացումներով դպրոցից վերջնականապես վերցվել է դաստիարակչական դերը, ու հիմա ծնողն է ուղղորդում՝ ինչ անի երեխան, երբ խնդիր ունի: Ի՞նչ խորհուրդ պիտի տա ծնողը, որ, վկա տեխնիկական վիճակագրությունը, սնվում է սերիալներով…

Ես չեմ կարծում, թե «Նեմեց»-ի գործերը կվատանան այս ակցիաներից հետո, նույնիսկ եթե մի տևական ժամանակ ոչ ոք չմտնի «Հարսնաքար»: Ես վստահ եմ, որ առավել կարևոր խնդիր է ոչ թե չընտրել ժամանցի արյունոտ վայրերից այդ մեկը, այլ առօրյա, ընտանեկան, բակային, համաքաղաքային բոլոր իրավիճակներում բոյկոտել բոլոր սերիալները, դրանց արժեհամակարգը, թե դասարանում, թե լսարանում, թե վաշտում ու թե բակում չընդունել «ճշտի» վիճարկման առկա մեթոդիկան: Ու քիչ-քիչ կերտել սեփական պետությունը` բարու, հարգանքի ու մի քիչ էլ խոնարհության արժեքներով:

Մեկնաբանել