Ինչու հուլիսի 5-ը տոն չի դառնում

Յուրաքանչյուր տարվա հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, վերամբարձ հռետորաբանությամբ և պաթոսով խոսվում է երկրի կյանքում Սահմանադրության դերի մասին: Իրականում, սակայն, Սահմանադրությունը Հայաստանում նոմինալ, այլ ոչ թե բովանադակային դերակատարություն ունի: Երկիրը գործնականում կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ մի քանի անձանց սահմանած վերսահմանադրական կանոններով և աչքաչափով:

Ասում են՝ հայերը օրենք հարգող ազգ չեն: Դա թյուր պատկերացում է: Օրենքի նկատմամբ հարգանքի ու վստահության կերտումը պետության պարտականությունն է: Իշխանավորը՝ նախագահից սկսած, սեփական օրինակով պետք է ապացուցի, որ օրենքի առաջ հավասար են բոլորը: Սակայն կարևոր անկյունաքարային հանգրվաններում իշխանությունը բացահայտորեն ոտնահարել է Սահմանադրությունը, և սահմանադրական կարգը պահպանելու պատրվակով անարգել է հենց այդ նույն սահմանադրական կարգն ու օրինականությունը:

Օրենքի առաջ հավասար իշխանություն ունենալուց առաջ պետք է, որ այդ իշխանությունն ընտրվի Սահմանադրությամբ ամրագրված չափանիշներով: 1995թ. ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո իշխանությունները շարունակաբար ընտրվում և վերընտրվում են այդ նույն Սահմանադրության սկզբունքները բռնաբարելով:

Հատկանաշական է, որ Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանում՝ հատկապես համապետական ընտրություններից հետո արձանագրված խիստ վիճահարույց և ճգնաժամային իրավիճակներում, Սահմանադրության կիրառումը երաշխավորող Սահմանադրական դատարանի կայացրած վճիռները իրավական տեսակետից կասկածելի են եղել և չեն ընկալվել հասարակության մեծամասնության կողմից:

Հայաստնում իշխանությունը, վեր կանգնած լինելով Սահմանադրությունից և օրենքներից, դրանք օգտագործում է իր թույլ տված ապօրինություններն արդարացնելու համար: Այս պայմաններում սովորական քաղաքացիների մոտ երբեք չի կարող հարգանք ու վստահություն ձևավորվել Սահմանադրության նկատմամբ: Միմիայն օրենքի առջև բոլորի հավասարությունը և անկախ դատական համակարգը կարող են վստահություն առաջացնել Սահմանադրության նկատմամբ: Այդ դեպքում միայն հուլիսի 5-ը ՀՀ քաղաքացիների կողմից կընկալվի և կընդունվի որպես իսկական տոն, երբ ընդունվել է մի փաստաթուղթ, որը պաշտպանում է նրանց իրավունքները:

Մեկնաբանել