Եթե ավարտին հասցնեինք բոլոր ինժեներական կառույցները, ուրիշ պատկեր կունենայինք պատերազմում. Արցախի իշխող խմբակցություն

Հայկ Ղազարյան

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ՝ պարտության մեղավորների, «փակ օդի», հետպատերազմյան փուլի, սոցիալական ծրագրերի, ՀՀ-ում սպասվող ընտրությունների և անվտանգային համակարգի կառուցման մասին: 

Պարոն Հարությունյան,  պարտված Արցախը այս ծանր կացությունից հանելու ի՞նչ ռազմավարություն ունեք։ Ի՞նչ քայլեր պետք է անել:

– Մենք ունենք մի քանի ուղղությամբ կատարվելիք աշխատանքներ: Դրանք են՝ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի ժողովրդի ինքնորոշումը, այսինքն՝ անկախության ճանաչումը: Դրան զուգահեռ պետք է իրականացվեն մեր անվտանգության երաշխավոր՝ պաշտպանության բանակի բարեփոխումները, որոնց մասին հայտարարվել է նաև նախագահական ընտրությունների ժամանակ մեր նախընտրական ծրագրերում՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ: 

Տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունեք ԼՂԻՄ-ի՞ տարածքը:

– Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մենք ունենք Սահմանադրություն և վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ նշված է Արցախի Հանրապետության տարածքը: Խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ դեօկուպացիային:   

Այդ ամենը հասկանալի է: Ի՞նչ եղանակներով և քայլերով ենք դրան հասնելու:

– Շուտափույթ կերպով պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Ակտիվ մասնակցություն պետք է ունենա Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտող կողմերից մեկը: Իմ պատկերացմամբ՝ բանակցային գործընթացի վերականգնումը կամ ավելի ինտենսիվ աշխատելը այդ ուղղությամբ կբերի արդյունքների՝ և՛ տարածքային ամբողջականության վերականգնման առումով, և՛ Արցախի Հանրապետությունը որպես անկախ ճանաչելու առումով: 

Բայց մենք այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ պիտի կատարենք, որ հասնենք դրան, որպեսզի մեր պահանջները կարողանանք ներկայացնել:

– Պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափով սկսվի բանակցային գործընթացը: Մեր բոլոր ջանքերը հիմա պետք է ուղղված լինեն այդ ձևաչափը վերականգնելու և այդ շրջանակում իմ նշած խնդիրները քննարկելու՝ վերջնական կարգավորման հասնելու համար: 

Դուք նաև անվտանգության մասին եք ասել: Երկրի նախագահն էլ է հաճախ խոսում պրոֆեսիոնալ բանակի մասին: Դա ի՞նչ է իրենից ներկայացնում: 

– Ընդհանրապես, աշխարհի շատ երկրներում այդ փորձը կա՝ խառը համակարգ՝ և՛ պայմանագրային, և՛ ժամկետային զինծառայողներով համալրված բանակ: Բոլորս էլ գիտենք հետպատերազմյան փուլում բանակի համալրման հետ կապված որոշ խնդիրների մասին: Պետք է բոլոր պայմանները ստեղծենք՝ պայմանագրային զինծառայողներով Պաշտպանության բանակը համալրելու համար: Բանակը պետք է համալրված լինի մեր տարեկան զորակոչի քանակով, իսկ մնացածը պետք է համալրվի պայմանագրային զինծառայողներով, որի համար մեծ ռեսուրս է պետք, հասկանում ենք: Այդ ուղղությամբ պետք է գնանք, ամեն դեպքում, կան այդ նախադրյալները, այս տարի մենք օրենքի փոփոխություն ենք կատարել, որտեղ բարձրացրել ենք պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը: Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ բանակը պայմանագրային զինծառայողներով համալրելու համար: 

Ենթադրենք՝ 4,5 տարուց այնպես է ստացվում, որ խաղաղապահ ուժերը դուրս են գալիս: Մենք պատրա՞ստ ենք լինելու 4,5 տարուց մեր անվտանգության հարցերը ինքնուրույն լուծելու: 

– Իմ նշած քայլերը եթե հետևողականորեն իրականացնենք՝ և՛ բանակցային գործընթացը, և՛ անվտանգային համակարգի կատարելագործումը, կարծում եմ, կարողանալու ենք անհրաժեշտության դեպքում լուծել անվտանգային հարցերը: 

Ներկայում ՀՀ ներկայիս իշխանություններին շատ են մեղադրում այս պարտության մեջ: Արցախի իշխանությունները մեղքի ի՞նչ չափաբաժին ունեն:

– Իմ խորին համոզմամբ՝ մենք չպիտի ամեն ինչը դիտարկենք «մեկ մեղավորի» համատեքստում: Պետք է հասկանանք, որ 1994 թվականից սկսած՝ անհրաժեշտ էր լավ պատրաստվել, հզոր բանակ կառուցել: Այդ տարիների ընթացքում ինչքան չկատարած աշխատանք ենք ունեցել, այս ամենի հետևանքն է: Պարտությունն անձնավորելը այդքան էլ օբյեկտիվ չէ․ բոլորիս մեղքի բաժինն էլ կա այս պարտության մեջ: 

Ձեր չափաբաժինը ո՞րն է:

– Մենք չորս ամիս է, ինչ ստանձնել էինք երկրի իշխանությունը:

Բայց մինչ այդ էլ «Ազատ Հայրենիքը» ամենամեծ խմբակցությունն էր:

– Իհարկե, դրա համար ասում եմ՝ երբ «Ազատ Հայրենիքը» ամբողջությամբ ստանձնել է երկրի կառավարումը՝ չորս ամիս է տևել: Բոլորս էլ ականատես ենք եղել, որ հանրապետության նախագահը նախաձեռնել էր առաջնագծում ինժեներական լուրջ կառույցների շինարարությունը: Համոզված եմ՝ եթե ավարտին հասցնեինք բոլոր ինժեներական կառույցները, ուրիշ պատկեր կունենայինք այս պատերազմում: Ցավոք սրտի, ժամանակը շատ քիչ էր, չորս ամսում չէինք էլ կարող ֆիզիկապես որևէ ձև այդ աշխատանքները ավարտին հասցնել: Բոլորս էլ մեղքի բաժին ունենք, և ոչ մեկն էլ չի խուսափում պատասխանատվությունից: Այսօր ես ավելի կարևոր եմ գտնում, որ բոլորս լծվենք մեր հայրենիքը այս ծանր վիճակից դուրս բերելու գործին:    

Արցախի օդը փա՞կ էր:

– Չեմ կարծում, որ կարող ենք այդ հարցին միանշանակ պատասխանել, քանի որ «օդ փակելու» հասկացությունը հարաբերական է: Եթե Արցախի Հանրապետության օդային տարածքը հատում է 3-5 պայմանական թռչող սարք, այդ դեպքում կարող ենք ասել, որ օդը փակ է: Բոլորս ականատես ենք եղել, թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան օդում ինչ էր կատարվում: Պաշտպանության բանակը ուներ հակաօդային պաշտպանության համապատասխան սպառազինությունը, կարծում եմ՝ ուներ: Բայց արդյոք այդ ինտեսիվ հարձակմանը կարո՞ղ էինք դիմադրել: Այստեղ է խնդիրը: 

Օրեր առաջ նույն Իսրայելում աշխարհի ամենահզոր «Երկաթե գմբեթ» համակարգերից մեկը երկու հազար հրթիռից ընդամենը մոտ հազարն է որսացել:

Լծվելու մասին եք ասում: Դա՞ ինչպես է արվելու, հատկապես, երբ հասարակության մեջ որոշակի բևեռացում է զգացվում, իրար չեն հասկանում խմբակցությունները, քաղաքացիները և այլն:

– Հենց խոսքս դրան էր վերաբերում: Այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ պիտի ունենանք մեկ խնդիր: Նեղ անձնային շահեր ասեմ, կամ ինչ-որ այլ դրդապատճառներից ելնելով…  չեմ կարող ասել, թե ինչու է այդպես: Ամեն դեպքում, պատերազմից հետո պետք է համախմբվեինք ու լծվեինք մի գործի:

Դա հիմա տեղի՞ է ունենում: 

– Չեմ կարծում, թե տեղի է ունեցել: Չեմ էլ ասի, թե խորը ճգնաժամ ու պառակտում կա հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, այդպիսի գնահատական չէի տա: Բայց այն, որ կան ներքաղաքական, այդ կարգի հարցեր… Այդ հարցերը չեմ կարծում, թե մեր երկրին օգուտ կբերեն: Բոլորս պետք է համախմբվենք՝ ընդդիմություն, իշխանություն: Այդ հարցերի փոխարեն, պետք է քննարկենք մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու հարցերը՝ սկսած անվտանգության, վերջացրած սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային հարցերով: Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ ամբողջ ազգաբնակչությունը պետք է մի ուղղությամբ մտածեն՝ այս վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար: 

Ի՞նչ պետք է ասել հասարակությանը, մնացած քաղաքական ուժերին: 

– Այդ ուղղությամբ աշխատանքներ տարել ենք ժամանակին: Հիմա էլ ենք տանում: Անկախ նրանից՝ քաղաքական ուժերը կհասկանան դա, թե չէ, կմիավորվենք, թե չէ, կա իշխանություն, որը պատասխանատու է երկրի կայացման համար: Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք: Մենք տեսել ենք քայլեր ենթակառուցվածքների վերականգնման առումով՝ ինչ վիճակում էին պատերազմից հետո և հիմա: Սոցիալական ու տնտեսական ծրագրերն են, որոնք իրականացվում են: Այդ ամենն ուղղված է պատերազմի հետևանքները մեղմելուն։

Երկրի նախագահը իր ելույթներում ասում է, որ մենք չենք կանգնել բանակի, 18 տարեկան զինվորի կողքին, դասալքությունը շատ մեծ տեղ է զբաղեցրել: Ինչո՞ւ է, առհասարակ, նման բան տեղի ունեցել:

– Չեմ ուզում գնահատականներ տալ այդ երևույթին, քանի որ դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք իրավական գնահատականները կտան: Բայց մենք ականատես ենք եղել բավականին մեծ թվով բացասական երևույթների:

Ինչո՞ւ առաջին պատերազմին դա չի եղել, իսկ եթե եղել է, ապա չեզոքացվել է: Իսկ այս անգամ չի ստացվել: Ո՞րն է խնդիրը․ նույն ժողովուրդն է, նույն ազգը:

– Չեմ ուզում այդ մասով գնահատականներ տալ: Այդ դասալքություններին և մնացած հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում, կարծում եմ, մեր իրավապահ մարմինները գնահատական կտան:  

Այս հարցը շատ է քննարկվում, ինչո՞ւ էր պատերազմի ժամանակ Ստեփանակերտում տարհանում կազմակերպվել:

– Ստեփանակերտի տարհանումը կազմակերպվել է բնակչությանը հավանական վտանգներից ապահովագրելու համար: Եվ կարծում եմ, որ ճիշտ էր: Խոսքը խաղաղ բնակչության մասին է, նկատի ունեմ՝ ծերերին, կանանց ու երեխաներին:

Բայց տարհանվողների մեջ, ասում են, մեծ թվով զինապարտներ են եղել: 

– Իհարկե, միանշանակ: Դրա համար ասում եմ, որ այդ իրավական գնահատականները պետք է տան… Տարհանումը հայտարարվել և կազմակերպվել է ոչ զինապարտ քաղաքացիների համար, այլ այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն պաշտպանությանը մասնակցել: 

Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանում սպասվող՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից: 

– Ամենաճիշտ գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Բազմիցս հայտարարել ենք, որ մենք Հայաստանի ներքաղաքական հարցերում որևէ մասնակցություն կամ որևէ միջամտություն չենք ունենալու: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը լինելու է ընդունելի բոլորիս համար:

Հայաստանում ուժերի ո՞ր դասավորվածությունը բարենպաստ կամ անբարենպաստ կլինի Արցախի համար:

– Ես դրա համար ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը ընտրությունների արդյունքով Արցախի համար չի կարող բարենպաստ լինել կամ անբարենպաստ: Եվ կարծրատիպը, որ ստեղծվել  է հիմա, որոշ քաղաքական ուժեր շահարկում են, խոսում են Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո ինչ-որ գործընթացների մասին և այլն: Մեզ համար մեկի կամ մյուսի ընտրվելը չի կարող բարենպաստ կամ անբարենպաստ լինել: Կարևորը Հայաստանում այս ներքաղաքաքական թոհուբոհը վերանա և անցնեն բնականոն կառավարման: 

Սոցիալական ծրագրերն են քննադատվում: Ի՞նչ եք կարծում՝ սոցիալական ծրագրերով մենք կարողանալո՞ւ ենք մեր առջև ծառացած խնդիրները լուծել, նկատի ունեմ «68 հազարները» և այլ ծրագրեր: 

– «68 հազարները» ի սկզբանե հետպատերազմյան սոցիալական կարճաժամկետ խնդիրները մեղմելու համար են: Այն բոլոր ծրագրերը, որոնք այս պահին իրականացվում են, խոսքս կրած վնասների փոխհատուցման, վարկային պարտավորությունների առումով աջակցություն ցուցաբերելու և այլնի մասին է: Բոլոր ծրագրերի մեջ կա նաև տնտեսական բաղադրիչը: 

Մենք ասում ենք, որ վնասը փոխհատուցվում է, բայց եթե ներդրում ես անում, ամբողջությամբ այդ գումարը քեզ են տալիս: Եթե չէ՝ մի մասը վճարվում է, մյուս մասը՝ բանկում մուրհակների տեսքով է տրամադրվում: Այսինքն՝ անմիջապես այդ գումարը չի ստանում: 

Միայն սոցիալական ծրագրեր իրականացնելով մենք չենք կարողանալու հետագայում մեր երկրում ապահովել տնտեսական աճ: Այսինքն՝ այդ ամենն իրականացվում է զուգահեռ: Մենք հիմա բավականին մեծ միջոցներ ենք ծախսում ենթակառուցվածքների, բնակարանաշինության ծրագրերի համար, իր մուլտիպլիկատիվ էֆեկտներով ինտեգրված է տնտեսության մեջ: Սկսած՝ նույն շինանյութերի ու վառելիքի ձեռք բերումից, աշխատավարձի տրամադրումից և այլն: Այսինքն՝ սոցիալական ծրագրերը ընդամենը ժամանակավոր գործիքակազմ են՝ մեղմելու ամենահրատապ խնդիրները: Զուգահեռ սոցիալական ծրագրերին իրականացվում են ներդրումային ծրագրերը. գյուղատնտեսության ոլորտում այս պահին ունենք լավ ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների, անասնապահության զարգացման, այգիների մասով: