Հեռուստաբանավեճի 26 մասնակիցները կբաժանվեն երկու խմբի

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 26 քաղաքական ուժերի հեռուստաբանավեճը տեղի կունենա երկու խմբով։ Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

«Հանրայինի թիմը նախապատրաստական աշխատանքը սկսել է շաբաթներ առաջ, սակայն չէր կանխատեսում, որ նման աննախադեպ ծավալի՝ 26 քաղաքական ուժ է մասնակցելու ընտրություններին: Միջազգային գործընկերների հետ որոշվեց՝ մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝ 13: 13. կանցկացվի 4 դեբատ: Հունիսի 8-ին, 11-ին կլինի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հեռուստաբանավեճը, իսկ հունիսի 16-ին ու 17-ին՝ առաջնորդների»,- հայտնում է հեռուստաընկերությունը։

Առաջնորդների դեբատի դեպքում քաղաքական ուժերը կբաժանվեն խմբերի՝ ըստ արդարադատության նախարարությունում գրանցման ամսաթվի: Առաջին խմբում կլինեն ավելի վաղ գրանցված 13 կուսակցությունները: Ներկայացուցիչների հեռուստաբանեճի դեպքում խմբերի բաժանումը կկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճակահանությամբ հաստատված ցանկի համաձայն. առաջին խմբում կլինեն քվեաթերթիկի 1-ից 13 համարները, երկրորդ խմբում՝ 14-26-ը:

Հեռուստաբանավեճերն անցկացվելու են Մարզահամերգային համալիրում։ Բանավեճերի մոդերատորներն են լինելու Պետրոս Ղազարյանն ու Բելգիայում Հանրայինի լուրերի թղթակից Լիլիթը Գասպարյանը:

Առաջին ալիքը հեռուստաբանավեճերը կազմակերպում է միջազգային գործընկերների օգնությամբ: Հատուկ թրեյնինգներ անցկացնելու ու փորձով կիսվելու համար Հայաստանում է հայտնի միջազգային փորձագետ Ջեֆ Ֆոքսը: Նա Հանրայինին աջակցել է նաև 2018-ի արտահերթ ընտրությունների դեբատի անցկացման ժամանակ:

Մեկնաբանել