Ադրբեջանի կողմից հավաքագրված կամավորական ջոկատի հրամանատարը Հադրութից տեղեկություններ է հաղորդել թշնամուն․ ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:

Ըստ հաղորդագրության՝ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիա և այնտեղ  հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով  նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

«Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միևնույն նպատակի շուրջ, միմյանց միջև ձևավորել են կայուն կապ։ Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների  ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու։ Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ և կանխավճարների տեսքով գումարներ»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Նախկին զինվորականը և իր ընկերը լուսանկարել և տեսանկարահանել են Հայաստանի ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև  Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները։ Նրանք լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում  ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ։

Նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ,  նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար»,- նշված է հաղորդագրությունում։

Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: