Ընտրապայքարի մասնակիցների «քրեական կողմը»

Արշալույս Բարսեղյան

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի ցուցակներում կան անձինք, որոնք անցել կամ անցնում են քրեական գործերով։ ՍիվիլՆեթը դատական տեղեկատվական համակարգի միջոցով ստուգել է առաջադրված 26 ուժի առաջին 20 համարի տվյալները, պարզել այս անձանց անունները ու քրեական գործերը։ Նրանք մեղադրվել են ենթակայի հանդեպ բռնության գործադրման, կաշառքի, զինված խմբերում ընդգրկված լինելուց մինչև սահմանադրական կարգի տապալման գործերով։

«Քաղաքացիական պայմանագիր»

Ցուցակի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առիթով մեղադրվել է մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեղադրանքի երկրորդ մասով Փաշինյանն արդարացվել է, իսկ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար նա դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով։

Նույն ցուցակի 4-րդ համար Սուրեն Պապիկյանը քրեական գործով անցել է ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում։ Մամուլում 2020-ին նախաձեռնված հանրաքվեից առաջ լուր տարածվեց, որ նա դատապարտվել է հրամանատարին դանակահարելու համար։ Պապիկյանն ավելի ուշ մեկնաբանեց տարածված լուրը ու տեղեկացրեց՝ եթե «ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն մարված է, ապա տվյալ անձը դատված չի համարվում»։

«Հայաստան» դաշինք

Դաշինքի 1-ին, 5-րդ և 8-րդ համարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը, անցել են նույն՝ 2008-ինանցել են նույն՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու գործով։ Քոչարյանին առաջադրված է ևս մեկ՝ կաշառք ստանալու մեղադրանք։

«Բարգավաճ Հայաստան»

Կուսակցության նախագահ և 1-ին համար Գագիկ Ծառուկյանը Խորհրդային Հայաստանում անցել է բռնաբարության գործով։ Դատական գործի մանրամասները մամուլում տարածվեցին 2020-ի ամռանը․ ըստ գործի՝ նա մի խումբ այլ անձանց հետ եկեղեցու բակում բռնաբարել էր օտարերկրացի կանանց։ 1979-ի դատավճռով Ծառուկյանը ազատազրկվել է 7 տարով և պատիժը կրել ուղղիչ աշխատանքային գաղութում:

Ցուցակի 19-րդ համար Հրանտ Դավթյանը մեղադրվում է իր հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Դատական գործը շարունակվում է։

Ցուցակի 17-րդ համար Արսեն Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2009-2010-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։ Նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցելուց հետո:

«Պատիվ ունեմ» դաշինք

19-րդ համար, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 2018թ․ ապրիլի 22-ին հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար։ Նա մի խումբ անձանց հետ Երևանում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ բռնություն է գործադրել և գույքը ոչնչացրել՝ զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ։ Դատավարությունը շարունակվում է։

«Զարթոնք» Ազգային քրիստոնեական կուսակցություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել 2-րդ համարին՝ Վահագն Չախալյանին։ Ծնունդով Ջավախքից Չախալյանը Վրաստանում 2008-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենք-զինամթերքի ձեռք բերման և պահպանման, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության և իշխանության ներկայացուցչի դեմ կատարած խուլիգանության համար:

Կուսակցության 14-րդ համար Արամ Աղայանը մեղադրվել է և ազատազրկման դատապարտվել ծառայության տարիներին ստորադասի նկատմամաբ բռնություն գործադրելու համար։

«Ազատություն»

Ցուցակի 16-րդ համար, մանկավարժ Մարտիրոս Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել 2011թ․ Մանկավարժական համալսարանի ավարտական կեղծ դիպլոմ ձեռք բերելու և 800 ԱՄՆ դոլարով այն իրացնելու գործով։

«Միասնական հայրենիք»

Ցուցակի 20-րդ համար Սարգիս Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները խախտելու համար։ Դատապարտվել է 1 ամսվա կալանքի։

«Համահայկական ազգային պետականություն»

Կուսակցության նախագահ և 1-ին համար Արթուր Վարդանյանը մեղադրվում է 2015 թվականին հանցավոր համագործակցություն ստեղծելու ու ղեկավարելու, ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու համար։ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի նպատակը, ըստ մեղադրանքի, Հայաստանի իշխանությունը յուրացնելն էր։

Ցուցակի 13-րդ համար Դավիթ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել և տուգանվել է 2016թ․ Երևանի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ խուլիգանություն կատարելու համար:

«Մեր տունը Հայաստանն է»

Ցուցակի 19-րդ համար, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու պատրվակով վստահությունը չարաշահելու եղանակով 1 մլն 860 հազար դրամ հափշտակելու համար։ Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։

«Հանրապետություն»

Ցուցակի 11-րդ համար Ռոբերտ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և տուգանվել գործի քննությանը խոչընդոտելու համար․ նա դրդել է մեկ այլ անձի միջամտել քննիչի գործողություններին։

«Հայոց հայրենիք»

Ցուցակի 1-ին համար Արտակ Գալստյանը մեղադրվել և արդարացվել է խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու մեղադրանքից։

«Ազատ հայրենիք» դաշինք

2-րդ համար Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին միանալու փորձի համար։ Դատական գործը շարունակվում է։

«Վերելք»

Ցուցակի 10-րդ համար Սամվել Գաբրիելյանը մեղադրվել, ապա արդարացվել է կեղծ տեղեկանք ներկայացնելու միջոցով միանձնյա ժառանգության իրավունքի վկայական ստանալու գործով։

«Ազատական»

Ցուցակի 1-ին համար և կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը անցնում է «Իգլայի» հայտնի գործով։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար։ Այս գործով դատական նիստերը շարունակվում են։

13-րդ համար Արմեն Սողոյանը մեղադրվում է պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում կաշառք ստանալու մեջ։ Դատական գործը շարունակվում է։

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան»

Ցուցակի 10-րդ համար Արթուր Ղազարյանը նախկին զինվորական է՝ գնդապետ։ Նա մեղավոր է ճանաչվել ստորադաս կրտսեր սերժանտի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Իսկ 16-րդ համար Արմեն Զիլֆուղարյանը մեղադրվել է և մեղավոր է ճանաչվել հարկային պարտավորությունները չկատարելու համար։ Նա թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն, բայց ստեղծել է անվճարունակության հատկանիշներ և պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս:

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»

Առաջադրված թեկնածուներից մի քանիսն անցել են ՊՊԾ գունդը գրավելու գործով։ 2-րդ համար Վարուժան Ավետիսյանը, 5-րդ համար Արեգ Կյուրեղյանը, 14-րդ համար Արմեն Լամբարյանը և 19-րդ համար Գագիկ Եղիազարյանը։

8-րդ համար Գևորգ Սաֆարյանը անցել է երկու քրեական գործով։ Մի դեպքում նա մեղավոր է ճանաչվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար և ազատազրկվել 2 տարով։ Մեկ այլ դեպքում Ժիրայր Սեֆիլյանի և մի խումբ անձանց հետ անցել է նույն գործով։ Համաձայն մեղադրանքի՝ նրանք 2015-ի ապրիլի 24-ին նախապատրաստել էին հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ։

13-րդ համար Արմեն Միքայելյանը մեղադրվել է ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ ձեռք բերելու ու պահելու համար։

«Ինքնիշխան Հայաստան»

Ցուցակի 1-ին համար Դավիթ Սանասարյանը մեղադրվում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար լինելու ժամանակ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգատգործելու համար։ Դատական գործը շարունակվում է։

Նույն ցուցակի 5-րդ համար Ավետիս Ավետիսյանը մեղադրվել է մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Մեկնաբանել