Բնակարաններ Երևանում ու Իսպանիայում, Harley-Davidson, նկարներ, ժամացույցներ․ Վահե Հակոբյանի հայտարարագիրը

Մկրտիչ Կարապետյան

«Հայաստան» դաշինքի 4-րդ համար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դաշինքի ամենահարուստ մարդկանցից է։ Նա համատեղ սեփականությամբ բնակարան ունի Իսպանիայի Ալիկանտե քաղաքում՝ 90 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաև՝ համատեղ սեփականությամբ 5 բնակարան Երևանի Դեմիրճյան փողոցում։ 

Վահե Հակոբյանը 587 քառակուսի մետր մակերեսով առանձնատուն ունի Վահագնի թաղամասում, նույն թաղամասում ունի նաև հողամաս։ 

Հակոբյանն ունի 17 հազար դոլար արժեքով Hublot ժամացույց, 11 միլիոն դրամանոց Vacheron Constantin ժամացույց, 12 միլիոն դրամանոց Breguet ժամացույց։ 

Հակոբյանի սեփականության մեջ է մտնում Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը՝ 200 հազար դոլար արժեքով, Մարտիրոս Սարյանի յուղաներկ՝ 150 հազար դոլարով  և ջրանկար՝ 18 հազար դոլար արժեքներով։ 

Վահե Հակոբյանը Զանգեզուրի պնձամոլիբենային կոմբինատի խորհրդի անդամ է և այդ պաշտոնից գոյացած աշխատավարձը մեկ տարվա կտրվածքով կազմում է 72 միլիոն դրամ։ Հակոբյանն ունի նաև Lexus ES250, Mercedes-Benz V250D մակնիշի ավտոմեքենաներ, նաև Harley-Davidson մոտոցիկլ։ 

«Հայաստան» դաշինքի թեկնածուի դրամական միջոցները կազմում են 9,8 միլիոն դրամ, 212 հազար եվրո և 408 հազար դոլար։