2020-ի պետական բյուջեն պլանավորելիս կառավարությունը նախատեսել էր, որ եկամուտները պետք է լինեն 1,695 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 1,856 տրիլիոն դրամ։ Սակայն COVID-19-ի համավարկը և Արցախյան 2-րդ պատերազմը ստիպեցին էականորեն վերափոխել այդ ցուցանիշները, արդյունքում՝ 2020-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների փաստացի մեծությունը կազմել է 1,563 տրիլիոն դրամ (-7.8%), իսկ ծախսերը` 1,895 տրիլիոն դրամ (2.1%):
Այս հոդվածաշարի առաջին մասը տե՛ս այստեղ՝
Երկրորդ հոդվածը վերաբերում է կապիտալ ծախսերին։
Կապիտալ ծախսերն աճել են ռազմական ծախսերի հաշվին
Կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), որի մեջ մտնում են շենքերի, շինությունների շինարարությունը, մեքենաների, սարքավորումների ձեռքբերումը, կազմել են 227,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 18%-ով, իսկ կատարողականը բարելավվել է 11,4 տոկոսային կետով՝ հասնելով 84,9%-ի։
Այս աճը հիմնականում պայմանավորված է ռազմական դրության հետ կապված կապիտալ ծախսերի ավելացմամբ․ կապիտալ ծախսերն առանց այդ ծախսերի նախորդ տարվա նկատմամբ նվազած կլինեին շուրջ 10%-ով։ Պետք է նշել, որ 2020-ին էականորեն աճել է նաև պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումը (գրեթե 34%):
Երրորդ տարին անընդմեջ կառավարությունը ձախողում է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող կապիտալ ծախսերի ծրագրերը
Հայաստանում տարիների շարունակ արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման գրասենյակները (այսպես կոչված՝ ԾԻԳ-երը) ունեցել են, մեղմ ասած, բարձր կոռումպացվածությամբ կառույցների համբավ։ Պատահական չէր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, թե երկիրը գործում է «ծիգիզմի» տրամաբանությամբ՝ ակնարկելով այդ կառույցների անարդյունավետ ծախսերը և հնարավոր կոռուպցիոն դրսևորումները, ինչին հաջորդեց դրանց գործառույթների վերապահումը ոլորտային նախարարություններին և այդ կառույցների լուծարումը։ Սակայն հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ դրանց փոխարեն հնարավոր չեղավ ոլորտային նախարարություններում ձևավորել բավարար կարողություններ, ինչի արդյունքում երրորդ տարին անընդմեջ կառավարությունը զգալիորեն թերակատարում է արտաքին աղբյուրների (օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված նպատակային վարկերի և դրամաշնորհների) հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի ծրագրերը։ Մասնավորապես, նախահեղափոխական շրջանում՝ 2017-ին, այսպիսի ծրագրերի գծով կատարողականը եղել է 87,1%, իսկ 2019-ին հասել է ընդհուպ 56,1%-ի, 2020-ին՝ 56,7%-ի։
Եթե անգամ ընդունենք, որ հնարավոր է ծախսերի կատարման արդյունավետությունն է բարձրացել, միանաշանակ է, որ կառավարությունը լրջագույն խնդիր ունի կապիտալ ծախսերի իրականացման հետ։ Այլ կերպ ասած, կառավարությունը արտաքին աղբյուրներից ներգրավում է դրամական միջոցներ, դրանց դիմաց հաճախ կատարում է տոկոսային ծախսեր, սակայն չի կարողանում ներգրավված գումարը ծախսել և այդպիսով նպաստել տնտեսական աճին։ Օրինակ, 2020-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքների համար սկզբնապես նախատեսված է եղել 5,4 մլրդ դրամ, որը ճշգրտվել-կրճատվել է 3,7 մլրդ դրամի, սակայն փաստացի կատարողականը եղել է մոտ 1,7 մլրդ դրամ (47,6%)։
Այս իրավիճակը ստիպում է մեզ ասել, որ կառավարությունը կանգնած է «ծիգիզմի դիլեմայի» առաջ՝ ծախսել, թե չծախսել՝ ո՞րն է «տնտեսապես» ավելի ազնիվ։
Հաջողվել է 87%-ով կատարել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծախսերի ճշգրտված պլանը
Ի տարեբրություն կապիտալ ծախսերի այլ ուղղությունների` 2020-ին այս ուղղությամբ ծախսային պլանը հաջողվել է կատարել ավելի քան 87%-ով, թեև պետք է նշել, որ սկզբնական պլանի նկատմամբ ծախսերը կրճատվել են ավելի քան 1/3-ով։ Վերջին տարիների ընթացքում կտրուկ աճել են սեփական միջոցների հաշվին պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծախսերը, օրինակ, 2019-ին դրանք նախորդ տարվա նկատմամբ աճել են 2,7 անգամ, իսկ 2020-ին՝ գրեթե 1,8 անգամ։
Արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի մասով պետք է նշել, որ վերանայումը և թերակատարումը մասամբ պայմանավորված է COVID-19-ի համավարակով, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշըն» ընկերության աշխատակիցներն ամիսներ շարունակ չէին կարողանում Հայաստան ժամանել։
Առհասարակ, պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծախսերը կազմել են ընդհանուր կապիտալ ծախսերի 14,9%-ը։
2020-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերն աճել են 2,7 անգամ
2020-ին պետական բյուջեից առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերին ուղղվել է 4,6 մլրդ դրամ՝ 2.7 անգամ ավելի, քան նախորդ տարի, ինչը հիմնականում պայմանավորված է COVID-19-ի համավարակի բռնկմամբ, մասնավորապես, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով ձեռք են բերվել շուրջ 2,3 մլրդ դրամի սարքավորումներ։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի մասնաբաժինը ընդհանուր կապիտալ ծախսերի կառուցվածքում եղել է ընդամենը 3,3%
2020-ին նախապես պլանավորված էր, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտում կապիտալ ծախսերը պետք է կազմեն 7,7 մլրդ դրամ, հետագայում՝ վերանայման արդյունքում, այդ ծախսերը ավելացան 14%-ով։ Սակայն ինչպես պետական կառավարման այլ ոլորտոներում, այս ոլորտում ևս, կապիտալ ծախսերի գծով արձանագրվել է թերակատարում (կատարողականը եղել է 85,4%):
Հոդվածը պատրաստել է ACSES (Armenian Center for Socio-Economic Studies)վերլուծական կենտրոնը: