Ինչ են հայտարարագրել «Հայաստան» դաշինքի 1-ին և 50-րդ համարներ Ռոբերտ և Լևոն Քոչարյանները

«Հայաստան» դաշինքի 1-ին համար Ռոբերտ Քոչարյանի դրամական միջոցները հունիսի 5-ի դրությամբ կազմում են 980 միլիոն դրամ և մոտ 2 միլիոն դոլար․ այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով նրա ներկայացրած՝ գույքի, ունեցվածքի հայտարարագրից։ 

Քոչարյանը համատեղ սեփականությամբ 196 քառակուսի մետր մակերեսով բնակարան ունի Ստեփանակերտում, նաև 1 715 քառակուսի մետր մակերեսով առանձնատուն՝ Երևանի Ծովակալ Իսակովի փողոցում։ 

Ռուսական «Սիստեմա» խմբում Քոչարյանը անկախ տնօրեն լինելուց բացի, տնօրինում է  0,0306 տոկոս բաժնեմասը։ Որպես «Սիստեմա»-ի տնօրեններից մեկը՝ Քոչարյանի վարձատրությունը կազմում է մոտ 200 հազար դոլար, նա ունի 78 հազար դոլարի բանկային ավանդ և 29 միլիոն դրամի կորպորատիվ պարտատոմս։ 

«Հայաստան» դաշինքի թեկնածուներից է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը բնակարան ու ավտոտնակ ունի Երևանի Աբովյան փողոցում, նաև՝ Վազգեն Սարգսյան 10 հասցեի հասարակական տարածքի համասեփականատերերից է։ Նա «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի բաժնետերն է և ընկերությունից 604,2 միլիոն դրամի շահույթ է ստանում, ևս 18 միլիոն դրամի՝ աշխատավարձ։ Լևոն Քոչարյանը «Նաիրի ինշուրանս»-ից բացի՝ 50 տոկոս բաժնեմաս ունի «Զեմկոմինվեստ», 33,3 տոկոս՝ «Սփեյս մենեջմենթ» ընկերություններում։ 

Նրա դրամական միջոցները հունիսի 5-ի դրությամբ կազմել են 161 միլիոն դրամ և 395 հազար դոլար։ Քոչարյանն ունի նաև Toyota RAV և Toyota Camry մակնիշի մեքենաներ։