Հայ ազգային կոնգրեսի ամենահարուստ 3 թեկնածուները

Գևորգ Թոսունյան

Հայ ազգային կոնգրեսի 10-րդ համարը՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, այս քաղաքական ուժի թեկնածուներից ամենահարուստն է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում տեսնում ենք, որ Գրիգորյանն ունի ավելի քան 1,7 մլն դոլար և 2 մլն դրամ։ Նրան է պատկանում «Արմենիա» ԲԿ-ի 99,9985 տոկոսը, ունի բաժնեմաս նաև «Դիագնոստիկա» ԲԿ-ում, սակայն թե որքան՝ չի նշել։

Գրիգորյանը երկու անշարժ գույք ունի Վրաստանում, որոնցից մեկը՝ 100քմ տարածքով բնակարան Բաթումիում, ինչպես նաև 5 անշարժ գույք Հայաստանում, այդ թվում՝ 2-ը Երևանի կենտրոնում։

ՀԱԿ-ի 5-րդ համարի՝ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի դրամական միջոցներն են՝ ավելի քան 388 հազար դոլար, 80 հազար եվրո և 4,5 մլն դրամ։

Նրա եկամուտների գերակշիռ մասը ձևավորվել է «Գառնի-ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԲ-ից ստացած աշխատավարձից՝ 39,6 մլն դրամ, նույն ընկերության շահաբաժնից ու փոխառության տոկոսներից՝ ավելի քան 25 մլն դրամ։ Ունի մեկ բնակարան Ավան-Առինջում։

ՀԱԿ-ի ցուցակում պատգամավորի կին առաջին թեկնածուն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Ինեսսա Գաբայանն է, որը խոշոր անշարժ գույքերի սեփականատեր է։ Դրանց մեծ մասը՝ 10-ը, գյուղատնտեսական հողեր են։ Նա ունի նաև 3 ավտոկայանատեղի, այգետնակ, հողամաս, բնակարան ու երկու բնակելի տուն, ինչպես նաև մեկ շինություն՝ Երևանի կենտրոնում։

Հարուստ է նաև Գաբայանի ավտոպարկը՝ 5 «KAMAZ», որից մեկը՝ ավտոկռունկ, ինչպես նաև Toyota land cruiser, Nissan ու ևս 3 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

ՀԱԿ-ի թեկնածուն 100 տոկոս բաժնեմաս ունի «Էդ.Գրիգ շին» ՍՊԸ-ում։ Նրա եկամուտները ձևավորվել են «Միեզերք» ՍՊԸ-ի աշխատավարձից՝ 5,6 մլն դրամ, անշարժ գույքի վարձակալության վճարից՝ 2,4 մլն դրամ ու կենսաթոշակից՝ 640 հազար դրամ։

Մեկնաբանել