Առաջին ինքնաբացարկն ընտրապայքարում․ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Ընտրապայքարում ներկայացվեց առաջին ինքնաբացարկը․ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այժմ ԱԺ ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 21 քաղաքական ուժ։

«Հայաստանի մի հատվածը օկուպացված է Ադրբեջանի կողմից, ուստի «Հայոց Արծիվները» չի մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։ «Հայոց Արծիվների» պահանջն է չեղարկե՛լ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանն ազատագրել Ադրբեջանի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ»,- հայտարարել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը մշտապես կողմ է եղել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ համարելով, որ դա «լավագույն միջոցներից մեկն է լեգիտիմ ճանապարհով Հայաստանում ձևավորելու ազգային-քրիստոնյա իշխանություն»:

«Հենց այդ նպատակով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Սակայն, սույն թվականի մայիսի 25-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացվել է մեկ պայմանով, այն է՝ եթե մինչև քարոզարշավի մեկնարկը, Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, սույն թվականի մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին չվռնդի»,- նշված է կուսակցության հայտարարությունում։