Լավրովը Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանի և Հայկո Մաասի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

«Կարևորվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը և առաջացող տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում: Ռուսական կողմից նշվել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Լավրովը, Լե Դրիանը և Մաասը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Դոնբասում և Բալկաններում տիրող իրավիճակին։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Բաքվին հայելային կերպով դուրս բերել զորքերը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Մեկնաբանել