«Բարգավաճ Հայաստանի» մեծահարուստները

Գևորգ Թոսունյան

Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ Ազգային ժողովի ամենահարուստ թեկնածուներից մեկը, եթե ոչ ամենահարուստը։ Նա ունի 877 մլն դրամ, ավելի քան 52 հազար դոլար և 5 մլն եվրո։

Պատգամավորական գործունեությունից Գագիկ Ծառուկյանն ամենաքիչ եկամուտն է ստացել մեկ տարվա ընթացքում։ Ամենաշատը նա հարստացել է իր ընկերություններից ստացած գումարներից՝ ավելի քան 856 մլն դրամ, բացի այդ, նա ստացել է ավելի քան 33 հազար դոլար և 561 հազար եվրոյի եկամուտ տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ բանկային տոկոսներից և վարձավճարներից։

Գագիկ Ծառուկյանն ունի 25 անշարժ, 17 շարժական և 43 թանկարժեք գույք։ Այդ թանկարժեք գույքերի մեջ, օրինակ, գտնում ենք 3 մլն դոլար արժողությամբ ադամանդե քարով տղամարդու մատանի, վարագույր՝ 251 հազար եվրո արժողությամբ, 305 հազար եվրո արժողությամբ մեծ ճաշասենյակի կահույք, իսկ ամենաթանկը 20 ջահերն են՝ ավելի քան 1,5 մլն եվրո արժողությամբ։ Այս թանկարժեք գույքերի մի մասը երևում է ԲՀԿ ղեկավարի տանը ԱԱԾ-ի խուզարկություններից մեկի տեսագրության մեջ։ Ծառուկյանի ավտոպարկը լցված է ամենաթանկարժեք մեքենաներով։

ԲՀԿ-ի ցուցակի 5-րդ համարը՝ Կարապետ Գուլոյանը, երկրորդն է այս քաղաքական ուժի ամենահարուստների ցանկում։ Նա ունի շուրջ 2 մլրդ դրամ և 407 հազար դոլար։ Գուլոյանը «Դակավա քոնսթրաքշն» ՍՊԸ-ում ունի 33,33 տոկոս բաժնեմաս և «Էլեկտրամոնտաժ» ԲԲԸ-ում՝ 50,54 տոկոս բաժնետոմս։ Անշարժ գույքից հայտարարագրել է երկուսը՝ Երևանում բնակարան և բնակելի տուն Առինջում։

Այս ցուցակում հաջորդ մեծահարուստը Կառլեն Մինասյանն է՝ «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը։ Նրա դրամական միջոցները կազմում են 200 մլն դրամ, 170 հազար դոլար և 60 հազար եվրո։ Թեկնածուն 6 ընկերություններում բաժնեմասեր ունի։ Եկամուտները ձևավորվում են այդ ընկերություններից ստացած աշխատավարձից, բացի այդ նա մեկ անձից՝ Մարտուն Մինասյանից, ստացել է 70 հազար դոլար նվիրատվություն։ Ունի մեկ մեքենա և 50քմ շենք-շինություն Երևանում։

Մեկնաբանել