Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ի հավատարմագրում չի ստացել՝ Բաքվի մերժման պատճառով

Հայազգի մարզական լրագրող, «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ աշխատանքի հավատարմագիր չի ստացել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունիսի 11-ից մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 11 քաղաքներում, իսկ խաղերից չորսը՝ Բաքվում։ Մրցաշարում աշխատելու համար լրագրողները պետք է ստանան հյուրընկալող երկրների բոլոր կազմկոմիտեների հավանությունը: Նման հավանություն չկա Բաքվի կազմկոմիտեից։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայում մերժումը կապել են նրա հետ, որ Նոբել Առուստամյանը «բազմիցս անօրինական ուղևորություններ է կատարել ադրբեջանական օկուպացված տարածքներ» առանց երկրի իշխանությունների թույլտվության՝ «անհարգալից վերաբերմունք դրսևորելով տարածքային ամբողջականության նկատմամբ»:

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իրավիճակը համարել է «միջազգային մարզական շարժման ոգու խախտում»՝ նշելով, որ հեռուստաալիքն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարգավորի իրավիճակը:

Առուստամյանի հետ կապված միջադեպին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հույս է հայտնել, որ Առուստամյանին հնարավորություն կտան լուսաբանել Եվրո-2020-ը։ Զախարովայի խոսքով՝ ՈՒԵՖԱ-ն արդեն լուծում է փնտրում։

Մեկնաբանել