Հանգուցալուծել սահմանային միջադեպերը հրատապ և խաղաղ կերպով․ Պետդեպի պաշտոնյան՝ Բաքվում

ԱՄՆ-ը մեծապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից հայ վեց զինծառայողների գերեվարմամբ և ականի պայթյունի հետևանքով երկու լրագրողների ողբերգական մահվամբ․ հունիսի 8-ին Բաքվում ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության կայքի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում բազմաթիվ մարդիկ են զոհվել, և մենք մտահոգ ենք, որ սահմանային իրավիճակը կարող է սրվել։ Կոչ ենք անում երկու կողմերին հանգուցալուծել այս միջադեպերը հրատապ և խաղաղ կերպով։ Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ոչ սահմանագծված հատվածներում ցանկացած տեղաշարժ համարում է սադրիչ և ոչ տեղին։ 

Մենք դեմ ենք սահմանագծման նպատակով ուժի կիրառմանը և երկու կողմերին կոչ է անում վերադառնալ ելման դիրքեր, դադարեցնել սահմանի ամրացումն ու ականապատումը ոչ սահմանագծված հատվածներում։

Միացյալ Նահանգները կողմերին կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերադառնալ բովանդակային բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար։

ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հոգալու տարածաշրջանի մարդասիրական կարիքները։ Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր, որ Հարավային Կովկասի ժողովուրդը իրապես բարգավաճի և զարգանա։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջալինա Փորթերը հայտարարել էր՝ «վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև սադրիչ»։

Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ն այցելում է Թբիլիսի, Երևան և Բաքու։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Բաքվին հայելային կերպով դուրս բերել զորքերը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Մեկնաբանել