Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծել վստահության վերականգնումից հետո, կարծում է Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հստակեցնել, սակայն այժմ դրա ժամանակը չէ, քանի որ կողմերը մինչ այդ պետք է սովորեն կողք կողքի ապրել: Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

Այժմ, նրա խոսքով, շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ «Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե արթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության մեխանիզմների ամրապնդմանը, անվտանգության հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ», – ասել է Լավրովը։

Մի քանի տարի հետո, երբ վստահության խնդիրները հարթվեն, նշել է Լավրովը, կարգավիճակի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ։

Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, խոշոր միջադեպեր «ընդհանրապես չկան», իսկ «առանձին անհարթություններն արագորեն վերացվում են»:

«Հիմա մեր խաղաղապահները իրականացնում են իրենց մանդատը, որևէ խոշոր միջադեպ ընդհանրապես չկա։ Սա ընդունում են և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Առանձին փոքր անհարթություններն արագ վերացվում են: Այո, հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածություն կա, բայց դա կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ», – արձանագրել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պետք է ավարտվեր շատ ավելի շուտ, քան դա տեղի ունեցավ։

Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն միասին ապրել որպես բարի հարևաններ: Ընդ որում, նա խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել այն հայտարարություններին, որոնք այժմ հնչում են Երևանից և Բաքվից, այլ ջանքեր գործադրել հասարակ մարդկանց կյանքը բարելավելու համար:

Այնուհետև նա խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացի մասին: «Դրա հետ մեկտեղ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցում շահագրգռված են ոչ միայն այդ երկու երկրները, այլև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել բանակցային գործընթացում», – ասել է նա: