Համաշխարյանի բանկի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,4%

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,4 %, իսկ 2022 և 2023-ին, համապատասխանաբար՝ 4,3 % և 5,3 %։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հունիսի 9-ին հրապարակված զեկույցում։

Ըստ ՀԲ-ի՝ 2021 թվականին Հարավային Կովկասի տնտեսությունը կրկին կմտնի աճի փուլ: Տնտեսական աճի ավելացման կանխատեսումը կապված է համավարակի և հակամարտության հետևանքների մեղմման հետ։

«Համաշխարհային տնտեսությունը 2021-ին կհասնի 5,6 %-ի, հիմնականում մի քանի խոշոր տնտեսությունների ուժեղ աճի արդյունքում: Այնուամենայնիվ, զարգացող շատ տնտեսություններ շարունակում են պայքարել COVID-19 համաճարակի և դրա հետևանքների դեմ»,- ասվում է զեկույցում:

Հայաստանի կենտրոնական բանկի մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել է 1,4 %: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, սակայն, մայիսի 26-ին հայտարարել էր, որ 2021-ի առաջին կիսամյակում տնտեսական աճը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի կանխատեսած 1,4 տոկոսը։ ԿԲ հաջորդ կանխատեսումը հրապարակվելու է հունիսի 15-ին։

Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։

Մեկնաբանել