Ռուսաստանը Ղարաբաղում իր խաղաղապահ առաքելության համար ձգտում է հստակ մանդատի․ Միջազգային ճգնաժամային խումբ

Ռուս խաղաղապահները հստակ մանդատի կարիք ունեն Ղարաբաղում իրենց երկարաժամկետ տեղակայման համար, ասվում է Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խմբի այսօր հրապարակած զեկույցում, որը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան հեռանկարները»:

Զեկույցի համաձայն՝ ներկայում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կա շուրջ 4000 ռուս խաղաղապահ և փրկարար ծառայությունների աշխատակիցներ, որոնք պահպանում են անհանգիստ խաղաղությունը:

Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-ի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը, որը վերջ դրեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմին, նախատեսում էր ռուսական խաղաղապահ ուժերի առավելագույն թվաքանակը 1960-ի չափով և սահմանափակում էր նրանց զինումը հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով և 380 այլ ավտոմեքենաներով: Զորակազմը պետք է թարմացվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Զինադադարի մասին հայտարարությունը նաև հինգ տարվա ժամկետ է սահմանում խաղաղապահ ուժերի համար, որը ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ժամկետի ավարտին չեն պահանջում խաղաղապահների դուրսբերումը:

Հետպատերազմյան սահմանագծերում նոր դիրքերի փորումը, բնակչության զանգվածային տեղաշարժը և մարդասիրական ճգնաժամը իրավիճակն ավելի փխրուն են դարձնում։ Արդեն իսկ շփման նոր գիծը, որն անցնում է քաղաքացիական բնակավայրերին մոտ, բռնության նոր սպառնալիքներ է ստեղծում։

Հակամարտության վերսկսումը կանխելու համար խաղաղապահներին անհրաժեշտ է հստակ և մանրամասն մանդատ, կողմերին անհրաժեշտ են պաշտոնական ալիքներ ռազմաճակատում վեճերի լուծման համար, իսկ օգնության տրամադրման հաստատություններին անհրաժեշտ է մուտք գործել տուժած շրջաններ, նշում են Ճգնաժամային խմբի փորձագետները:

Զեկույցում նշվում է, որ հակամարտության վերսկսումը կանխելու համար խաղաղապահներին անհրաժեշտ է հստակ և մանրամասն մանդատ, կողմերին անհրաժեշտ են պաշտոնական խողովակներ առաջնագծում վեճերի լուծման համար, իսկ մարդասիրական հաստատություններին անհրաժեշտ է մուտք գործել հակամարտությունից տուժած շրջաններ:

Ճգնաժամային խումբը նշում է, որ թեև ռուս խաղաղապահները հսկիչ անցակետեր են տեղադրել Լեռնային Ղարաբաղի հիմնական մայրուղիների երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով, դրանք հիմնական ճակատային գծից հեռու են: Որքան ժամանակ նրանք կարող են շարունակել գործել որպես ամենօրյա խնդիրներ լուծողներ, պարզ չէ: Թե ինչպես խաղաղապահները կարձագանքեն շփման գծում լարվածության աճին, մշուշոտ է՝ հաշվի առնելով, որ հրադադարի մասին համաձայնագրում հստակ ամրագրված չէ նրանց առաքելությունը։ Մոսկվան պետք է խորհրդակցի հակամարտության կողմերի հետ, իսկ հետո իր զորքերին տա մարտական գործողությունների վարման հստակ կանոններ։ Կողմերը իրենք պետք է պաշտոնական մեխանիզմ մշակեն, հնարավոր է՝ Ռուսաստանի միջնորդությամբ, անհետաձգելի հարցերի լուծման համար։

Զեկույցն ընդգծում է, որ Մոսկվան իր խաղաղապահ առաքելության համար ձգտում է հստակ մանդատի։ Ճգնաժամային խումբը, վկայակոչելով իր հարցազրույցը Բաքվում անանուն պաշտոնյայի հետ, նշում է, որ դեռ 2020-ի դեկտեմբերին Մոսկվան Բաքվին ու Երևանին ներկայացրել է խաղաղապահների դերի և խնդիրների իր պլանը: Ադրբեջանը փոփոխություններ է պահանջել, այդ թվում, որ խաղաղապահները պետք է պատասխանատվություն ստանձնեն Լաչինի միջանցք մուտքի անձնագրային վերահսկողության համար։ Փետրվարին Մոսկվան ներկայացրել է մանդատի նախագծի նորացված տարբերակը: Բաքուն պատրաստ էր հավանություն տալ դրան, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը Հայաստանին չվերաբերվի որպես հավասար կողմի։

«Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարի, որ այն տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում, և բացառի հղումը Հայաստանի կողմից ստորագրված կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությանը»,- Ճգնաժամային խմբին ասել է մեկ այլ անանուն պաշտոնյա Երևանում՝ նշելով, որ Երևանն ու Ստեփանակերտը մերժել են դա։

«Ես չգիտեմ, թե ինչպես կբացատրենք բնակչությանը, որ խաղաղապահները անաչառ են, եթե նրանց մանդատը բխում է միայն Բաքվից»,- Ճգնաժամային խմբին ասել է մեկ այլ անանուն պաշտոնյա Ստեփանակերտում։

Չնայած մանդատի շուրջ համաձայնության հասնելու իր երկրորդ անհաջողությանը՝ Մոսկվան շարունակում է պնդել, որ խաղաղապահները հաջողությամբ կատարում են իրենց առաքելությունը, նույնիսկ եթե այն մնում է չհստակեցված: Զեկույցը, վկայակոչելով իր հարցազրույցը Մոսկվայում անանուն պաշտոնյայի հետ, նշում է, որ Կրեմլը «ամեն գնով» փաստաթղթի կարիք չունի։ Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն մեղմացնի իր դիրքորոշումը բանակցությունները վերսկսելուց առաջ։

«Ռուսաստանը բավարար համբերություն ունի»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա: Այդ պաշտոնյան և ուրիշներ Մոսկվայում պնդում են, որ Ռուսաստանը շարունակելու է հետամուտ լինել ստանալու «հստակ մանդատ հստակ իրավունքներով և պարտականություններով», որը կարժանանա բոլորի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հավանությանը։

Մոսկվայում ոմանք ասում են, որ Ռուսաստանին հստակությունն անհրաժեշտ է խուսափելու ինչ-որ բան սխալ գնալուց: «Դուք կտեսնեք, որ այն պահին, երբ Ղարաբաղում ինչ-որ բան այնպես չգնա, Ռուսաստանին կմեղադրեն դրա մեջ և նույնիսկ ավելի մեծ բանի մեջ։ Ինչպես սովորաբար կասկածում են՝ Ռուսաստանը միշտ ձախորդ է»,- ասել է Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած անանուն վերլուծաբան։

Դիվանագիտական փակուղու մասին

Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում անդրադառնում է նաև Ղարաբաղյան բանակցություններում ստեղծված փակուղուն։ Նշվում է, որ Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի շուրջ բանակցությունների հեռանկարը մշուշոտ է։

Ռուսաստանն առաջարկում է կարգավիճակի հարցը հետաձգել և առաջնահերթ քննարկել այլ խնդիրների լուծումը, առավելապես տնտեսական համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա վերականգնել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սակայն Բաքուն ու Երևանը շարունակում են իրենց առավելապաշտական հռետորաբանությունը։ Բաքուն բացառում է Ղարաբաղի համար որևէ ինքնակառավարում, որի բազմաթիվ տարբերակներ քննարկում էր նախկինում։ Երևանն իր հերթին պահանջում է Ղարաբաղի անկախությունը ԼՂԻՄ-ի սահմաններով։

Թուրքիան ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերել Բաքվի՝ որոշումների կայացման գործընթացի վրա, նշվում է զեկույցում։ Բայցևայնպես, բացի իր դիտորդների ներկայությունից, Թուրքիան անմիջական մասնակցություն չի ունենում միջնորդական ջանքերին։ «Ներկա իրավիճակը տեղում 100 տոկոսով իդեալական չէ, բայց դա լավագույնն է, ինչը հնարավոր էր»,- Ճգնաժամային խմբին ասել է անանուն թուրք պաշտոնյա: Ըստ նրա՝ Անկարան կնախընտրեր Արևմուտքի առավել ակտիվ մասնակցությունը դիվանագիտությանը, տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնությանը և տարածաշրջանային նոր տրանսպորտային և առևտրային կապերի ստեղծման ծրագրերին: Արևմուտքը, ըստ թուրք զրուցակիցների, փափուկ ուժի մեծ հնարավորություններ ունի։

Զեկույցի հեղինակները նշում են, որ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները աջակցեցին Ռուսաստանի միջնորդական ջանքերին, և այդ ջանքերը կարևոր են Մոսկվայի համար, որը ձգտում է իր միջնորդական դերի միջազգային ճանաչման։ Դա կարևոր է նաև Բաքվի ու Երևանի համար, որոնք մտավախություն ունեն, որ Մոսկվան կարող է չափից ավելի մեծ ազդեցություն ունենալ իրենց ներքին քաղաքականության վրա։

Այնուամենայնիվ Ճգնաժամային խումբը նկատում է, որ հրադադարի հաստատումից հետո, երբ 2020-ի դեկտեմբերին Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները եկան տարածաշրջան, նրանց հետ չէր ռուսաստանցի համանախագահը՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ, ինչը հարցեր է առաջացնում Միսնկի խումբը թողնելու Ռուսաստանի հնարավոր մտադրությունների շուրջ։ Բայցևայնպես, ռուսաստանցի պաշտոնյաներն ասում են, թե ցանկանում են, որ ԵԱՀԿ-ն ներգրավված մնա գործընթացում, և Փարիզն ու Վաշինգտոնը կատարեն իրենց չեզոք միջնորդի դերը։

Մարդասիրական ներգրավման մասին

Ճգնաժամային խումբը կարևորություն է տալիս նաև Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանը և միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավմանը, ինչին խոչընդոտում է Բաքուն։ Թեև նոյեմբերի 9-ի համաձայնագրի տեքստում հղում կար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագուն հանձնակատարի գրասենյակին (UNHCR), Մոսկվան, Երևանը և Բաքուն այդ կազմակերպության հետ խորհրդակցություն չեն ունեցել նրա ներգրավման շուրջ։

Ղարաբաղում, ընդգծում է զեկույցը, մարդասիրական միջազգային միակ կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որն այստեղ է 1990-ականների սկզբից։

Ճգնաժամային խումբը նշում է, որ Հայաստանը ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղ վերադարձած, ինչպես նաև Հայաստանում հաստատված բնակչությանը։ Այնտեղ մարդասիրական ծրագրեր է իրականացնում նաև Ռուսաստանը, սակայն, ըստ զեկույցի, հարկավոր է ավելի մեծ ներգրավվածություն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար։

Պատրաստել է Կարեն Հարությունյանը

Մեկնաբանել