Ընտրացուցակների վերջին համարները․ ովքե՞ր են նրանք

Civil Contract Party holds a pre-election campaign in Armavir, Armenia

Արշալույս Բարսեղյան

Ընտրապայքարի առաջին համարները քաղաքական ուժի գլխավոր թեկնածուներն են ու քարոզարշավի դեմքերը։ Նրանց գիտենք։ Իսկ ովքե՞ր են ցուցակի վերջին անունները։ Պարզվում է՝ այս մարդիկ թոշակառուներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ են։ 

«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) վերջին տասը համարներից է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նրանից մի քանի համար վերև Արարատի նախկին մարզպետ, այժմ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն է։ 

Վերջում է հանգրվանել երեք պատգամավոր՝ «Հայկական ժամանակ» թերթի երբեմնի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը և Սփյուռքի նախարար դարձած Մխիթար Հայրապետյանը։ Երրորդ պատգամավորը պատերազմի օրերին մանդատ ստացած Կարապետ Մխչյանն է։ Ցուցակում այս պատգամավորներից ավելի բարձր դիրքում է ՔՊ անդամ, պատգամավոր Կարեն Գրիգորյանի օգնական Դիանա Ակունցը։ 

ՔՊ-ի վերջին համարներից Լիլիթ Կարապետյանը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» բժիշկներից է։ Իսկ Սարգիս Ենգոյանը ունի իր տան հասցեում գրանցված բարեգործական՝ «Սպիտակ լույս» հիմնադրամը։ Ըստ ֆեյսբուքյան էջի՝ այն զբաղվում է իրավաբանական անվճար խորհրդատվությամբ։ 

«Հայաստան» դաշինքի վերջին համարները տղամարդիկ են, որոնցից յոթը՝ ՀՅԴ անդամ։ ՀՅԴ-ից առաջադրվածների ցանկում է Գևորգ Ղուկասյանը, որը «Հայ դատ»-ի  կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն է, և Մովսես Մանուկյանը՝ Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը։

Մասնագիտական բազմազանություն է «Հայ ազգային կոնգրեսի» և «Բարգավաճ Հայաստանի» վերջին համարներում։ ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված է թոշակառու, վարսահարդար և նկարիչ։ Իսկ ԲՀԿ-ի վերջին համարներից յոթը չեն աշխատում։ Աշխատողներից մեկը «Մուշ» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է, մյուսը հաշվապահ է, իսկ երրորդը սուպերմարկետում հսկիչ-խորհրդատու է աշխատում։

Չաշխատողները շատ են նաև ամենաերկար՝ 230 թեկնածու ունեցող «Պատիվ ունեմ» դաշինքի վերջին համարներում։ Այստեղ չի աշխատում ութ հոգի։ Աշխատող թեկնածուներն են՝ Գյումրի համայնքի կրթության բաժնի «Ծիածան» ՀՈԱԿ-ի գլխավոր հաշվապահը և «Ջրվեժ 1» համատիրության նախագահը։

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը եզրափակողներից երկուսը առողջապահական ոլորտում են աշխատում։ Նրանցից մեկը Սուրբ Աստվածամայր ինֆեկցիոն մասնաճյուղի դեղատան պատասխանատուն է, մյուսը՝ «Աստղիկ» ԲԿ-ի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչը։

Իսկ «Լուսավոր Հայաստանում» վերջին տասնյակում կա երկու դասախոս․ նրանցից մեկը աշխատում է Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանում, մյուսը՝ Աստղիկ Ավետիսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ է և PR մասնագետ։

Մեկնաբանել