Նոբել Առուստամյանը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագիրը

Հայազգի մարզական լրագրող, «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը ստացել է Եվրո-2020-ը լուսաբանելու հավատարմագիրը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին։

Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ Նոբել Առուստամյանը Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ աշխատանքի հավատարմագիր չէր ստացել:

Հունիսի 11-ից մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 11 քաղաքներում, իսկ խաղերից չորսը՝ Բաքվում։ Մրցաշարում աշխատելու համար լրագրողները պետք է ստանան հյուրընկալող երկրների բոլոր կազմկոմիտեների հավանությունը: Նման հավանություն չկա Բաքվի կազմկոմիտեից։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայում մերժումը կապել էին նրա հետ, որ Նոբել Առուստամյանը «բազմիցս անօրինական ուղևորություններ է կատարել ադրբեջանական օկուպացված տարածքներ» առանց երկրի իշխանությունների թույլտվության՝ «անհարգալից վերաբերմունք դրսևորելով տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Առուստամյանի հետ կապված միջադեպին անդրադարձել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հույս էր հայտնել, որ Առուստամյանին հնարավորություն կտան լուսաբանել Եվրո-2020-ը։