Ամէն Ճիգ Օգտագործել 1922-23ի Խորհրդային Զինուորական Քարտէսները Ձեռք Բերելու Համար

Ադրբեջանին տրուած տարածքները նշուած են կապոյտով

ASBAREZ.COM

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՏԱՐԻՆ

Ռուբէն Գալչեան

Յարգարժան պրն․ Փաշինեան,

Այս օրերին հրատապ հարց է քննարկւում Հայաստանի Հանրապետութեան սահմանների վերաբերեալ, որոնք, ըստ ներկայ վիճակի, այն սահմաններն են, որոնք գծուել են Խորհրդային Միութեան օրօք, եւ 1929 թ. ու 1969 թ. պաշտօնապէս վաւերացուել Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնների կողմից:

Սակայն պէտք է նշել, որ նոյնիսկ 1921ին, Ստալինի որոշումից յետոյ, որով Լեռնային Ղարաբաղը, Քարվաճառը, Քաշաթաղը եւ Արեւելեան Սիւնիքը Ադրբեջանին յանձնուեցին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններն այսպիսին չէին, որ ներկայում են:

1923-1929 թթ. Մոսկուայի հրամանով եւ Անդրկովկասեան դաշնութեան կարգադրութեամբ, առանց հետեւելու օրէնքին եւ յարգելու տեղաբնակ գիւղացի բնակիչների մարդկային իրաւունքները, նրանց հողամասերից, անտառներից ու արօտավայրերից հարիւրաւոր քառ. կիլոմետրեր յանձնուեցին Ադրբեջանին, ուր, իբր պէտք է ստեղծուէր Կարմիր Քրդստան գաւառը: Չմոռանանք, որ 1930ին Կարմիր Քրդստան ստեղծելու գաղափարը չեղարկուեց, սակայն դրան յատկացուելիք հայկական հողային տարածքները` անյայտ պատճառներով, մնացին Ադրբեջանին:

Տարածքներն Ադրբեջանին յանձնող եւ ապագայում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլաւներ (ցամաքային կղզեակներ) ստեղծողները բացայայտ նպատակ են ունեցել Հայաստանի կապը դէպի հարեւան երկրներ տեղադրել Ադրբեջանի տարածքով անցնող մայրուղիներով, այսպիսով դրանց հսկողութիւնը ուղղակի յանձնելով Ադրբեջանին: Հէնց այս նպատակով, անկլաւները տեղադրուած են Հայաստանը Վրաստանին եւ Իրանին կապող ճանապարհների վրայ, որոնք անցնում են անկլաւների միջով, իսկ Սիւնիքում Գորիս-Կապան ճանապարհը, ինչպէս նաեւ Տաւուշի շրջանում Իջեւանից Ոսկեպար եւ Նոյեմբերեան-Վրաստան ճանապարհը երկու անգամ հատում են սահմանը եւ անցնում Ադրբեջանի տարածքով, ապա վերադառնում Հայաստան: Ադրբեջանական այն տարածքները, որոնցով հատում-անցնում են Հայաստանի մայրուղիներն, ընդհանրապէս անմարդաբնակ են ու հիմնականում ոչ պիտանի, որը անգամ եւս փաստում է դրանց բուն նպատակը` հսկողութեան տակ ունենալ Հայաստանի մայրուղիները:

Սովետական Մեծ Հանրագիտարանի 1926ի առաջին հատորում հրատարակած Հայաստանի, ինչպէս նաեւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանր. 1927 թ. մարդահամարին կից քարտէսներում, որոնք կցուած են նամակիս, Խորհրդային Հայաստանի արեւելեան եւ հիւսիսային սահմանները նոյնը չեն, ինչ որ ընդունուած են այսօր: Դրանց մէջ Ադրբեջանին «նուիրուած» հողամասերը, ներառեալ Արծուաշենը, Ալ Լճերը, Շուռնուխի արեւելեան շրջանը եւ Կապանի օդանաւակայանի մօտակայքը Հայաստանի տարածքում են գտնւում: 1927ի քարտէսի վրայ այս տարածքները նշուած են կապոյտ գոյնով: Ուշադրութեան արժանի է այն, որ այդ օրերին Հայաստանին ու Արցախին բաժանողը միայն Հակարի (Աղաւնու) գետն էր: Իսկ անկլաւներն ընդհանրապէս չկային:

Սակայն այս քարտէզները կարող են համարուել «ոչ պաշտօնական», քանի որ երկուստեք վաւերացուած չեն: Այստեղ առկայ է մի կարեւորագոյն նրբութիւն: Դեռեւս 1922-23ին Խորհրդային Միութիւնը հրատարակել է մանրակրկիտ զինուորական քարտէզներ, որոնք ցուցադրում են ժամանակին ընդունուած սահմանները եւ դրանցից բացակայում են Ադրբեջանին «նուիրուած» տարածքները: Սակայն Հայաստանի սահմանների այս քարտէսների օրինակները չեն տրուել Հայաստանի իշխանութիւններին: Դրանք առկայ են միայն Մոսկուայում եւ Թբիլիսիում: Ըստ ինձ հասած տեղեկութիւնների, այս քարտէսներից Հայաստանի համար օրինակներ խնդրելը մինչ այժմ չի ընդառաջուել:

Իսկ ինչո՞ւ: Չէ որ դրանք մեր երկրի սահմանների քարտէսներն են:

Առանց ունենալու Հայաստանի Խորհրդային Հանրապետութեան այս հին քարտէսների օրինակները, Հայաստանի մասնագէտներին հնարաւոր չէ սահմանների վերաբերեալ վերջնական որոշումներ կայացնելը, ուստի պէտք է ամենաբարձր մակարդակով եւ ամէն ճիգ եւ միջոց օգտագործել դրանց օրինակները ձեռք բերելու համար:

Յունիս 7, 2021

Երեւան

* Քարտէսագէտ, ՀՀ ԳԱԱՅ պատուոյ դոկտոր

Մեկնաբանել