ԱՄՆ-ն արգելում է Հայաստանից ալյումինի փայլաթիթեղի ներկրումը

ԱՄՆ առևտրի քարտուղարությունը մտադիր է պատժիչ գործողություններ ձեռնարկել Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրող և արտահանող «Արմենալի» դեմ՝ արգելելով Հայաստանից Միացյալ Նահանգներ ալյումինի փայլաթիթեղի արտահանումը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ աջակցում է հավասարակշռված «կասեցման մասին համաձայնագրին», որով կհաստատվի երկկողմ կառավարելի առևտրային ռեժիմ։ Այդկերպ, ըստ ANCA-ի, հնարավոր կլինի պաշտպանել ԱՄՆ շահերը՝ խուսափելով Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունից:

«Արմենալը» Հայաստանի խոշոր հարկատուներից է, ունի 700 աշխատող։ «Արմենալ» ընկերության ալյումինի փայլաթիթեղի արտահանումը վերջին տարիներին կազմել է Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանման ընդհանուր ծավալի ¾-րդը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նկատում է նաև, որ պատժիչ առևտրային ակցիան, որն այժմ քննարկվում է առևտրի նախարարության կողմից, անցկացվում է Հայաստանում շարունակվող Covid-19 համաճարակի, տնտեսական ճգնաժամի և փախստականների ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորված է նախորդ տարի Արցախում Ադրբեջանի էթնիկ զտմամբ և Հայաստանի դեմ Բաքվի շարունակվող ագրեսիայով:

«Այժմ, ավելի քան երբևէ, Բայդենի վարչակազմը պետք է ակտիվորեն աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի անվտանգությանը։ Պետք է խաղաղ ճանապարհով լուծել առևտրային հարցերը և ակտիվորեն զարգացնել տնտեսական կապերը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Արմենալը» 2 000 թվականից Ռուսաստանի ամենամեծ ալյումին արտադրող «Ռուսալ» ընկերության կազմում է: Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է և ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950թ.:

Մեկնաբանել