Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ անել

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը փորձել էին ինժեներական աշխատանքներ կատարել։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Բաքվին հայելային կերպով դուրս բերել զորքերը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Մեկնաբանել