Ի՞նչ դասեր ենք քաղում 44-օրյա պատերազմից

Գեղամ Բաղդասարյան

44-օրյա պատերազմն աղետ էր, որը հաստատ չէր լինի, եթե մենք ճիշտ դասեր քաղած լինեինք մեր իսկ պատմությունից։ 1915-ի Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց ընկնել նույն ծուղակը՝ նշանակում է անհուսորեն անկարող լինել համարժեք աշխարհընկալում ունենալու և կառավարելու մարտահրավերներն ու հնարավորությունները։ Իսկ որ հիմնականում նույն ծուղակն է՝ դժվար չէ համոզվել, խորապես ուսումնասիրելով 100 տարվա վաղեմության իրողությունները։

«Լավագույն ավանդույթները» շարունակվում են։ Համոզվելու համար փորձենք հասկանալ, թե ինչ դասեր ենք քաղում այս վերջին աղետից։ Եվ արդյո՞ք այդ դասերը միտված են նոր աղետից մեզ ապահովագրելուն, թե՞ սկյուռիկի պես պտտվում ենք նույն անիվում։ Անդրադառնանք հետպատերազմյան մի քանի առավել շրջանառվող եզրահանգումների ու մի քանի տրամաբանական հարց տանք։

Բոլորս պիտի զինվենք, այդ թվում՝ կանայք ու երեխաները

Սա ամենատարածված եզրակացությունն է։ Այստեղ, սակայն, միանգամայն տրամաբանական հարց է ծագում՝ կանանցով ու երեխաներով միասին ինչո՞վ ենք զինվելու։ Կարելի է ենթադրել, որ Կալաշնիկով ինքնաձիգով, որովհետև դժվար թե այդ կոնտինգենտով բալիստիկ հրթիռներ ու արբանյակներ կառավարենք։ Ու ի՞նչ։ Եթե բոլորս զինվում ենք այդ զենքով, մեր անվտանգությունն ապահովվա՞ծ է։ Սա՞ է վերջին պատերազմից քաղած գլխավոր դասը։ Հակառակորդի օգտագործած արբանյակային ու արդիական այլ օդուժով հեռակառավարվող ԱԹՍ-ները և ամենագնաց հատուկջոկատայիններն ա՞յս դասն են հուշում մեզ։

Չեմ թերագնահատում «կալաշը», պարզապես ուզում եմ ասել, որ արդիական զենքեր կառավարելու համար համատարած զինում պետք չէ։ Պետք են տարիներով աճեցված մասնագետներ, հատուկ պատրաստված արհեստավարժներ։ Պետք է տևական ժամանակի համար հստակ ռազմավարություն ունենալ։ Իսկ երեխաները լավ կլինի սովորեն դպրոցում, արդիական գիտելիքներ ձեռք բերեն, ինչի նպատակով պիտի արմատապես բարեփոխենք մեր կրթական համակարգը, արդիականացնենք այն։ Արդիական զենքերի համար արդիական գիտելիքներ են պետք։ Մի խոսքով՝ խելք է պետք։ Որքան էլ ցավալի լինի, հարկ է ընդունել, որ պատերազմը մենք հենց խելքով պարտվեցինք, ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ։

Որքան էլ ցավալի լինի, հարկ է ընդունել, որ պատերազմը մենք հենց խելքով պարտվեցինք, ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ

Կոնկրետ Արցախի պարագան որոշ նրբերանգներ, իհարկե, ունի։ Այստեղ, իհարկե, անհամեմատ կարևոր են քաղաքացիական պաշտպանության հմտություններն ու շվեյցարական մոդելով ժողովրդական բանակի կարողությունը։ Բայց դարձյալ՝ ընդհանուր արդիական ռազմավարության շրջանակներում։

Պարտվեցինք, քանի որ թշնամին մեզ ավելի էր ատում, քան մենք՝ նրան

Այստեղ նույնպես տրամաբանական հարցեր են ծագում։ Արցախյան առաջին պատերազմում թշնամին մեզ քիչ էր ատում, դրա համա՞ր պարտվեց։ Կամ՝ մենք թշնամուն այն ժամանակ ավելի շատ էինք ատում, դրա համար էլ հաղթեցի՞նք։ Հաղթանակի ու պարտության ուրիշ չափանիշներ չկա՞ն մեր ուղեղներում։ Եվ ու՞մ է պետք մեր պարտության պատճառներն այդ հարթություն տանելը, սլաքներն այլ տեղ տանելը։ Տարիներ ու տասնամյակներ շարունակ սլաքները նշյալ տեղը տանողները թիրախավորել են արժանապատիվ խաղաղության խոսույթն արմատավորել փորձողներին։ Ու ի չիք են դարձրել ցանկացած քննարկում։ Իսկ սա շատ կարևոր հանգամանք է։

Արցախյան առաջին պատերազմում թշնամին մեզ քիչ էր ատում, դրա համա՞ր պարտվեց։ Կամ՝ մենք թշնամուն այն ժամանակ ավելի շատ էինք ատում, դրա համար էլ հաղթեցի՞նք։ Հաղթանակի ու պարտության ուրիշ չափանիշներ չկա՞ն մեր ուղեղներում

Վերջին աղետը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մեր անհաջողությունների ու դժբախտությունների գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք կարողանում քաղաքակիրթ մթնոլորտ ապահովել համազգային-համապետական հարցերի հանրային առողջ-կառուցողական քննարկումների համար և չենք կարողանում դուրս գալ դավաճան-հերոս պրոկրուստյան մահճակալի տիրույթ-ծուղակից՝ արդյունքում ոչնչացնելով դրանից դուրս գտնվող ցանկացած միտք ու գաղափար։ Արժանապատիվ խաղաղության մասին մեսիջները «բռնաբարվում» էին հենց այս «մահճակալի» վրա։ Այս առումով բավական խորհրդանշական են Իգոր Մուրադյանի խոսքերը. «Պարզվեց, որ թշնամու վրա կրակելն ավելի հեշտ է, քան հայրենիքի ճակատագիրը հայրենակիցների հետ քննարկելը»։

Վերջին աղետը, սակայն, նաև այլ բան պարզեց՝ որ այսպիսի մթնոլորտում թշնամու վրա կրակելն էլ հեշտ չէ։ Հայաստանի նոր իշխանությունն էլ գերադասեց թշնամու վրա կրակել, քան հայրենիքի ճակատագիրը հայրենակիցների հետ ազնվորեն քննարկել։ Սակայն խնդիրն այն է, որ հայրենիքի ճակատագիրը հայրենակիցների հետ ազնվորեն քննարկելու պարագայում շատ հնարավոր է՝ թշնամու վրա կրակելու անհրաժեշտություն էլ չծագեր։

Մեր զինվորները պարզապես հայրենիքն ավելի շատ էին սիրում։ Ի տարբերություն սեփական իշխանությունների, որոնք հայրենիքի մեջ սիրում են իրենց, այլ ոչ թե հայրենիքն իրենց մեջ

Մեր զինվորներն Արցախում անհավասար պայքարում անօրինակ սխրանքներ են գործել։ Ու դրա պատճառն այն չէ, որ մինչ այդ հասցրել էինք ռազմահայրենասիրական դաստիարակության նախարարություն ստեղծել։ Կամ էլ՝ որ թշնամուն ավելի շատ էին ատում։ Ո՛չ, պարզապես նրանք հայրենիքն ավելի շատ էին սիրում։ Ի տարբերություն սեփական իշխանությունների, որոնք հայրենիքի մեջ սիրում են իրենց, այլ ոչ թե հայրենիքն իրենց մեջ։ Մեր զինվորների թիկունքը (բառի բուն և փոխաբերական իմաստներով) ապահովված չէր․ սա էր պարտության հիմնական պատճառներից մեկը։

Աշխարհը չգնահատեց արցախյան ժողովրդավարությունը

Հարցն այստեղ միայն նույն՝ արդեն իսկ նշված համարժեք աշխարհընկալման խնդիրը չէ։ Հարցն այլ հարթությունում է՝ մեր ժողովրդավարությունը պիտի լիներ մե՛զ համար, այլ ոչ թե աշխարհին ցույց տալու համար։ Բայց հարցրե՛ք արցախցիներին արցախյան ժողովրդավարության մասին։ Ու կլսեք դառը ճշմարտությունը։ Մարդիկ տասնամյակներ շարունակ մտել են այս խաղի մեջ՝ գիտակցելով, որ մեր տարփողած ժողովրդավարությունը դրսի աչքին թոզ փչելու համար է։ Որ այդպես է պետք։ Ու հանդուրժել են իրենց իրավունքների ոտնահարումը, ավտորիտարիզմին հարմարվել են հանուն դրսի համար փուչիկ ժողովրդավարության։ Իրականում ժողովրդավարությունն իրենց իսկ իրավունքների համար պիտի լիներ, ազատ ու արժանապատիվ ապրելու համար պիտի լիներ։

Հայրենիքը կարող են պահել ազատ մարդիկ, իրենց հողում ազատ, ապահով ու արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացիները։ Մինչդեռ Արցախի իշխանությունները տարիներ ու տասնամյակներ շարունակ ճորտացրել են մարդկանց՝ պահելով իրենցից կախյալ վիճակում։ Չեն խրախուսել ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը, կադրերի ընտրության հարցում չափորոշիչը եղել է միայնումիայն հավատարմությունը, արդյունքում արմատախիլ է արվել ինքնակազմակերպման ցանկացած ծիլ ու ջիղ, իսկ ովքեր չէին անցնում իրենց թրի տակով, զրկվում էին աջակցության որևէ հեռանկարից։ Մարդու մտածող տեսակը պահանջված չէր, պահանջված էր կատարող-կատարածու տեսակը։ Ու մերիտոկրատիան՝ արժանավորների պետության գաղափարը, շարունակում է անիրական ու զավեշտալի թվալ։

Այս առումով միանգամայն հատկանշական է Հադրութի շրջանը, որտեղ գրեթե ֆեոդալական կարգեր էին։ Ու պատահական չէ, որ հենց այս ուղղությամբ եղան ամենածանր կորուստներն ու ձախողումները։ Փորձեք հիշել, թե 1988-ին ինչպիսի դեմքեր էին այստեղ գործում։ Համեմատեք այն ժամանակվա հադրության «պատկերասրահը» և 2020-ի նախօրեին այստեղի ազդեցիկ մարդկանց հավաքածուն։ Պերճանք ու թշվառություն։ Առաջինն իսկապես «պատվո տախտակ» էր, իսկ երկրորդը՝ «անարգանքի սյուն»։ Առաջինի պարագայում բնակչությունն ինքնակազմակերպվելու ներուժ ուներ, երկրորդի դեպքում մնաց անտեր-անտիրական։ Ու դեռ հարցնում ենք, թե ինչու այսպես եղավ, մեղավորներ ենք փնտրում ամենուր։

Ու, ընդհանրապես, ժողովրդավարությունն ինքնին անվտանգություն չէ։ Այս համատեքստում ժողովրդավարությունը սոսկ հնարավորություն է հավաքական մտքով անվտանգային արդիական համակարգ ստեղծելու համար։ Ժողովրդավարությունը նպատակ չէ, այլ միջոց։ Բացի դրանից, ժողովրդավարությունն անկախ հաստատությունների կայացում է նշանակում, իսկ նման հաստատություններ չկային ու չստեղծվեցին ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։ Ժողովրդավարությունը երկրի մասնակցային կառավարման ապահովումն է։ Մի բան, որը ոչ միայն չհաջողվեց, այլև դրա փորձն անգամ չեղավ անգամ իշխանափոխությունից հետո։ Այնպես որ, ժողովրդավարության մասին կարող ենք խոսել մեծ վերապահումով։

Պետք է անմիջապես պատրաստվենք հաջորդ պատերազմին

Հայտնի խոսք է՝ գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին։ Ահավոր ճշմարտություն է հատկապես մեզ համար։ Նոր պատերազմին մենք, մեղմ ասած, պատրաստ չէինք։ Ընդ որում, մի այիբ է արդիական զենքեր չունենալը, մեկ այլ՝ հակառակորդի արդիական զենքերից պաշտպանվելու մարտավարություն չունենալը։ Ենթադրենք փող չունեինք ԱԹՍ-ներ գնելու (դղյակների ու ապարանքների համար փող միշտ գտնվում էր), բայց ԱԹՍ-ներից պաշտպանվելու մարտավարություն գոնե կարո՞ղ էինք ունենալ։ Որ մեծ ավտոբուսներով զինվորներ չտեղափոխեինք, ԱԹՍ-ների հայտնվելու դեպքում փոքր խմբերով պատսպարվեինք, վաղօրոք թունելներ փորեինք, արդիական ապաստարաններ ունենայինք բնակավայրերում, հետևեինք աշխարհում տեղի ունեցող վերջին առճակատումներին, նոր զենքերի կիրառմանն ու դրանցից պաշտպանվելու փորձին։ Սրա համար է՞լ էր փող պետք։ Թե՞ խելք էր պետք։

Ենթադրենք փող չունեինք ԱԹՍ-ներ գնելու (դղյակների ու ապարանքների համար փող միշտ գտնվում էր), բայց ԱԹՍ-ներից պաշտպանվելու մարտավարություն գոնե կարո՞ղ էինք ունենալ

Լավագույն դեպքում մեր գեներալները կամ, ավելի ճիշտ, ռազմաքաղաքական ղեկավարությունը կսկսեն պատրաստվել վերջին՝ ԱԹՍ-ներով պատերազմին։ Բայց հակառակորդը հաջորդ անգամ կարող է զանգվածային ոչնչացման քիմիական զենք օգտագործել։ Հիմա ի՞նչ՝ հերթական աղետից հետո կսկսենք քիմիական պաշտպանությա՞մբ զբաղվել։ Կզբաղվենք, ու մյուս անգամ հակառակորդը ռոբոտներ կարող է օգտագործել։

Ու ի՞նչ՝ մշտապես հետին թվով պատրաստվել պատերազմի՞։ Ու այս տրամաբանությա՞մբ։ Այդպես կլինի, քանի դեռ անվտանգության մասին մեր դատողությունները դուրս չեն գալիս համատարած զինվելու կաղապարից, քանի դեռ մենք թերագնահատում ենք անվտանգության քաղաքական բաղադրիչը։

Անվտանգության ռազմական բաղադրիչը, իմա՝ արդիական բանակ ունենալն ինչ խոսք շատ կարևոր է, բայց ոչ միակ կարևորը։ Պակաս կարևոր չէ անվտանգության քաղաքական բաղադրիչը, իմա՝ ինքնուրույնության բավարար ռեսուրսի առկայությունը, քաղաքական գործոն լինելու հանգամանքը, անվտանգային դիվերսիֆիկացված համակարգի ձևավորումը։ Ի վերջո, պատերազմը սկսվել է ոչ միայն և ոչ այնքան ռազմական հավասարակշռության, որքան քաղաքական հավասարակշռության խախտումից։ Մեր կաղապարների ու միֆերի մեջ տապակվելով՝ մենք այդպես էլ չնկատեցինք, թե ինչպես է փոխվում տարածաշրջանը, թե ինչպես է փոխվում աշխարհը, թե ինչ վտանգներ ու հնարավորություններ է պարունակում ձևավորվող նոր աշխարհակարգը։

Մենք պատանդի կարգավիճակում ենք

Պատանդությունը (անելանելիությունը) սկզբում ծնվում է մտածողության մեջ։ Ասել է թե՝ այնտեղից էլ պիտի սկսել դրա օտարումը։ Իսկ դրա համար նախևառաջ հարկ է մտածել, հարցեր տալ ինքդ քեզ և ապա իշխանությանը։ Երբ սկսում ես մտածել ու հարցեր տալ ինքդ քեզ, նշանակում է, որ արդեն հոգեպես պատրաստ ես պատանդի կարգավիճակից դուրս գալու։ Երբ սկսում ես այդ հարցերը տալ իշխանությանը ու նրան ստիպում պատասխանելու՝ նշանակում է, որ դու արդեն առաջին քայլերն ես անում պատանդությունից ազատվելու համար։ Իսկ հարցեր շատ կան։

Այսօր Արցախի իշխանությունները բոլոր արցախցիներին կոչ են անում վերադառնալ։ Ու չեն ասում, թե որպես ինչ են դիտարկում վերադարձողներին և ընդհանրապես՝ Արցախի բնակչությանը։ Որպես հերթական հայրենասիրական-պաթետիկ ծրագրի՞, արտաքին ուժի աշխարհաքաղաքական պրոյեկտի՞, թե՞ իշխանական հերթական բիզնես-նախագծի բաղկացուցիչ մասի։ Իսկ անվտանգ, բարեկեցիկ, ազատ, արժանապատիվ կյանքի, սեփական հողում ապրելու և արարելու-ստեղծագործելու-ինքնադրսևորվելու համար ի՞նչ են նախատեսում, դրա մասին կիսվե՞լ են մեզ հետ։ Ընդունելի՞ են մեզ համար նրանց պատկերացումները։

Իշխանություններն ունե՞ն Արցախում ապրելու գրավիչ գաղափար ու կյանքի մոդել։ Ունե՞ն արժանապատիվ խաղաղության տեսլական, կիսվե՞լ են մեզ հետ։ Եթե կիսվել են, ընդունելի՞ է այդ տեսլականը մեզ համար։ Եթե ընդունելի չէ, ինչու՞ պիտի հարմարվենք։ Եթե իշխանությունն ի վիճակի չէ ապագայի ընդունելի մոդել առաջարկել, ապա պիտի հեռանա։ Այլապես կստացվի, որ մենք առաջին հերթին նրա պատանդն ենք։ Ու ոչ մի գաղտնիություն՝ մեր կյանքի հարցը չի կարող լուծվել առանց մեզ։

Այսօր մտածո՞ւմ ենք այն Իքս օրվա մասին, երբ ռուս խաղաղապահները դուրս կգան Արցախից։ Ու ամենևին էլ փաստ չէ, որ դա կլինի մոտ հինգ տարի հետո։ Ռուսներն ինչպես արագ մտնելու, այնպես էլ արագ դուրս գալու սովորություն ունեն (պատմություն կարդացեք)։ Ինչպե՞ս ենք նախապատրաստվում այդ օրվան, և նախապատրաստվու՞մ ենք, արդյոք

Ամենակարևորը։ Այսօր մտածո՞ւմ ենք այն Իքս օրվա մասին, երբ ռուս խաղաղապահները դուրս կգան Արցախից։ Ու ամենևին էլ փաստ չէ, որ դա կլինի մոտ հինգ տարի հետո։ Ռուսներն ինչպես արագ մտնելու, այնպես էլ արագ դուրս գալու սովորություն ունեն (պատմություն կարդացեք)։ Ինչպե՞ս ենք նախապատրաստվում այդ օրվան, և նախապատրաստվու՞մ ենք, արդյոք։ Որևէ մեկն, օրինակ, հիշու՞մ է, որ նոյեմբերի 10-ի հայտարարագրով նախատեսված է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցում, որևէ մեկին հարցնու՞մ ենք այս մասին։ Սոցիալական նպաստների թոհուբոհում մտածու՞մ ենք այս մասին, իշխանություններին ստիպու՞մ ենք պատասխանել այս հարցերին։ Մեր ամեն օրը նվիրված պիտի լինի այս հարցերի պատասխանը գտնելուն։ Մենք ամեն օր մեր իշխանություններին պիտի ստիպենք պատասխանել այդ հարցերին։ Որպեսզի խուսափենք ավելի մեծ աղետից։

Մարդ պատանդի վիճակում է լինում միայն այն ժամանակ, երբ հաշտվում է այդ իրողության հետ։ Իսկ երբ չի հաշտվում՝ մտովի արդեն իսկ պատանդ չէ։ Առավել ևս՝ երբ միշտ մտապահում է, որ Աստված մեծ է։

Գեղամ Բաղդասարյանը արցախյան «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Հոդվածը հրապարակվել է «Անալիտիկոն»-ի 2021-ի մայիսի համարում։

Մեկնաբանել