Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի շրջափակման վերացումն է. Օվերչուկ

«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առարկայական խոսակցություն է ընթանում տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որն անկախացումից ի վեր փաստացի շրջափակված երկիր է»։ Այս մասին «Ռոսիյսկայա Գազետայի» հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցին։

«Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները նոր հզոր ազդակ կստանան զարգացման համար, և մարդկանց մոտ կբարելավվի կյանքը: Կարևոր է, որ այդպիսի բարի կամք կա»,- ասել է Օվերչուկը։

Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմը՝ Ալեքսեյ Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները։ Միաժամանակ լուծվում են Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով դեպի Իրան երթևեկության խնդիրները․ «Բացի այդ, Հայաստանը կարող է Կասպից ծովում ադրբեջանական նավահանգիստների օգտագործման հնարավորություն ունենալ Կենտրոնական Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստան բեռների տեղափոխման համար»,- ասել է Օվերչուկը։

«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և բոլոր հարևան երկրների համար։ Ընդ որում, Հայաստանը կվերածվի ոչ միայն կարևորագույն միջազգային տրանսպորտային հանգույցի, որը Պարսից ծոցի իրանական նավահանգիստները կապում է սևծովյան նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայի և Խաղաղ օվկիանոսի ռուսական նավահանգիստների հետ, այլև կկարողանա ձեռնամուխ լինել սեփական արտադրության ավելացմանը, քանի որ հասանելի կլինի սպառման նոր շուկաներ, իսկ երկրից արտադրանքի արտահանման հնարավորությունները զսպող գործոնները կմնան անցյալում։ Անկասկած, այս նոր կոնֆիգուրացիայում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Ռուսաստանն այդ հարցում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը հայտնել է նաև, որ աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանն ու Հայաստանը միացնող երկաթուղային և ավտոմոբիլային բոլոր հնարավոր երթուղիները։ Ըստ նրա՝ գրեթե բոլոր հնարավոր երթուղիները անպիտան են դարձել, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը պահանջում է լուրջ ներդրումներ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ բարդ են, բազմաշերտ։ Շատերը սարսափելի վիշտ են տարել, լքել հայրենի վայրերը, կորցրել ամենամտերիմ մարդկանց։ Այդ մասին միշտ հիշվելու է։ Այսօր կարևոր է այնպես անել, որ դժբախտությունը կրկին չվերադառնա մարդկանց տուն, իսկ դրա համար պետք է վերքերը բուժել, սովորել խոսել միմյանց հետ և միասին աշխատել ընդհանուր խաղաղ ապագայի ստեղծման վրա»,- ասել է ռուս պաշտոնյան։

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա են ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ենթակառուցվածքային խնդիրներ․ «Երբ Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են, ապա հնարավոր կլինի անցնել ճանապարհների վերականգնմանը և դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը։ Կարևորը լավ ապագա տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ ոչ ոք հիմա քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի են բարդացնում այդքան բարդ հարաբերությունները»։

Մեկնաբանել