Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարը՝ դոլարային միլիոնատեր

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանի դրամական միջոցներն ու նյութական վիճակը գնալով բարելավվում է։ Այդ մասին է վկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած Բադալյանի հայտարարագիրը։

Բագրատ Բադալյանը 2020-ին ձեռք է բերել, ապա օտարել է Toyota RAV4 մակնիշի մեքենա՝ 9,8 միլիոն դրամով։ Գործարքի մյուս կողմը եղել է հենց Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, որին կանդրադառնանք ստորև։

Բագրատ Բադալյանի դրամական միջոցները 2020-ի տարեվերջին կազմել են 803 հազար դոլար, 231,5 միլիոն դրամ և 100 հազար դոլար։ 2019-ին Բադալյանի դրամական միջոցները միայն 300 հազար դոլար էին: Բադալյանը ևս 80 հազար դոլար նախընտրում է պահել կանխիկ, 131,5 միլիոն դրամ էլ փոխառությամբ տվել է իր ընկերությանը՝ «Դոռզնակ» ՍՊԸ-ին։

Ավինյանի գրասենյակի ղեկավարը միանձնյա սեփականությամբ բնակարան ունի Երևանի Կենտրոնում, Սևանում, հողամասեր՝ Ծաղկաձորում ու Գառնիում։ Բագրատ Բադալյանի եկամուտներից 9,6 միլիոն դրամը ձևավորվել է որպես փոխվարչապետի գրասենյակի ղեկավար աշխատավարձից, Toyota Rav4-ի վաճառքից ստացել է 9,8 միլիոն դրամ, 143,2 միլիոն դրամի շահաբաժին է ստացել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից, իսկ ժառանգությամբ հորից ստացել 100 հազար եվրո, 504 հազար դոլար և 231,5 միլիոն դրամ։

Հոր՝ Սամվել Բադալյանի մահից հետո Բագրատ Բադալյանին է անցել «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության բաժնեմասերի 88,1 տոկոսը, որը նա, ըստ հայտարարագրի, 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին։ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը ճանապարհներ նախագծող, կառուցող, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն է և երկար տարիներ ենթակառուցվածքային ծրագրերում հիմնական ծառայություն մատուցողներից է եղել։

Բագրատ Բադալյանինն է «Դոռզնակ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը հիմնվել է 2002-ին ու զբաղվում է ճանապարհային գծանշումներով։ Քանի որ բարձրաստճան պաշտոնատար անձը պարտավոր է իր կամ իր ընտանիքի մասնակցությամբ հիմնված ընկերության՝ 5 միլիոն դրամը գերազանցող պետական գնումների մասին տեղեկատվություն հրապարակել, Բադալյանն իր հայտարարագրում ներկայացրել է նաև դա. ըստ այդ տվյալների՝ 2020-ի դեկտեմբերին «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը մրցութային կարգով հաղթել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գնման գործընթացներից մեկում՝ 106,5 միլիոն դրամ արժողությամբ։ Մինչ այդ նույն նախարարության մեկ այլ մրցույթում ևս ընկերությունը հաղթել է՝ 90,8 միլիոն դրամ պայմանագրի ծավալով, իսկ դրանից առաջ ևս մեկ 53 միլիոն դրամի գնման գործընթացում է հաղթող դարձել։ Բոլոր դեպքերում, մրցույթները եղել են բաց, իսկ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը այս մրցույթներով նախագծերի պատրաստման ու ծախսերի գնահատման ծառայություն է մատուցել։

Բագրատ Բադալյանը մինչև Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելը 2019-2020 թվականներին եղել է ՏԿԵ փոխնախարար։ Այս ամենից բացի՝ այս տարվա ընթացքում Բադալյանի ընկերությունը հրատապ բաց մրցույթի գնման ընթացակարգով ՏԿԵՆ-ի հետ կնքել է 43,1 միլիոն դրամի պայմանագրեր, ևս 5,4 միլիոն դրամի պայմանագիր կնքվել է Տարածքային զարգացման հիմնադրամի հետ՝ Սիսիանի Հացավան-Աշոտավան բնակավայրերի գյուղական նշանակության հողերին կապող կամրջի կառուցման նախագծի համար։

Բագրատ Բադալյանի կինը՝ Մարգարիտա Ագանիսյանը, 2020-ին հայտարարագրել է միայն 645 հազար դրամ աշխատավարձ և 35 հազար դոլար կանխիկ միջոցներ։ Ագանիսյանը, ի դեպ, մեկ ամիս առաջ իրավաբանական անձանց ռեգիստրում ընկերություն է գրանցել՝ «Նեյչրս փոստ» ՍՊԸ-ն։ Ընկերության գործունեության ոլորտը դեռ հայտնի չէ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել