Ինչ չի խոսվում Հայաստանում նախընտրական քարոզարշավին. Էրիկ Հակոբյանի անդրադարձը

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր շաբաթական ամփոփմանը խոսում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մասին։

Այսօր կխոսենք ընթացիկ նախընտրական քարոզարշավի և ԱԱԾ-ի բացահայտած պետական դավաճանության դեպքի մասին, որտեղ Ադրբեջանի կողմից հավաքագրված կամավորական ջոկատի հրամանատարը Հադրութից տեղեկություններ էր հաղորդել թշնամուն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Քարոզարշավ

Սկսենք ընտրություններից։ Մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը տևելու է տասներկու օր։ Արդեն ակնհայտ է, որ սա երկբևեռ քարոզարշավ է՝ Փաշինյանի ճամբարի և Քոչարյանի ճամբարի միջև, որոնք ամենամեծ ռեսուրսներին տիրապետող ուժերն են և բուռն քարոզարշավ են վարում։ 

Սակայն քարոզարշավին հետևելն ու օգտագործվող հռետորաբանությունը լսելը շատ հիասթափեցնող է։ Ոչինչ չի խոսվում կոնկրետ հարցերի, Արցախի ապագայի, կրթական, առողջապահական կամ պաշտպանական քաղաքականության մասին։ Դրանցից ոչ մեկի մասին չենք լսում։ Փոխարենը՝ կան մանրախնդիր անձնական հարձակումներ, և դրանց մի մասը բավականին անպատեհ է։ Քոչարյանը Փաշինյանին դուելի է հրավիրում, վերջինս պատասխանում է՝ կներկայանա առանց զենքի, հայ ժողովրդի հետ; խոսում իր որդուն Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին։

Մեզ սպասվում են նախընտրական բանավեճերը՝ քարոզարշավի վերջին երկու օրերին։ Սա արդեն խնդիր է դարձել, որովհետև կուսակցություններից տասը հրաժարվել են մասնակցել։ Փաշինյանը մյուս երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել, վերջիններս մերժել էին։ Սակայն ժողովուրդն իրավունք ունի լսել թեկնածուներին և հասկանալ հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները, ուստի չմասնակցելը արվում է ի վնաս հայ հանրության։

Խոսենք մեղադրանքների ու հռետորաբանության մասին։ Փաշինյանի գործող վարչակազմին մեղադրում են վարչական ռեսուրսի չարաշահման մեջ, ընդդիմությանը՝ ի դեմս Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, մեղադրում են կաշառքների բաժանման, ձայների գնման մեջ։ Սակայն կոնկրետ ապացույցներ չկան, և դրա իրական մասշտաբները չենք կարող տեսնել, եթե դա տեղի է ունենում։ 

Ընդ որում, պետք է հաշվի առնել հետևյալը՝ ինչպե՞ս է համակարգը աշխատում, և որո՞նք են ընտրակեղծիքների ռիսկերը։ Շատ կարևոր է հասկանալ, որ բուն ընտրության գործընթացը, ընտրությունների անցկացման օրը բավական լավ ու արդար է կազմակերպվում։ Բոլոր կուսակցությունները ներկայացուցիչներ ունեն բոլոր տեղամասերում, ձայների հաշվման ժամանակ ներկա են, առկա են տեսահսկող սարքեր, ուստի կարելի է հետևել գործընթացին։

Հայաստանում ընտրակեղծիքները ոչ թե ընտրատեղամասում ձայների լցոնմամբ կամ հաշվման ժամանակ են տեղի ունենում, այլ, օրինակ, խոշոր գործատուները կամ պետական գործատուները ստիպում են աշխատակիցներին քվեարկել այս կամ այն կերպ։ Լսել եմ, որ օրինակ աշխատակիցները պետք է լուսանկարեն իրենց ընտրաթերթիկները՝ ապացուցելու, որ ընտրել են այս կամ այն ուժի օգտին։

Անկախ սրանից, պետք է զգույշ լինել, որ նման բաներով չապալեգիտիմացնենք ընտրական գործընթացը, քանի որ այս ընտրությանը հետևելու են նաև օտարերկրյա դիտորդներ։ Բացի այդ, ինչո՞ւ է սա կարևոր․ կարծում եմ՝ չենք կարող թույլ տալ մի իրավիճակ,- իհարկե, եթե ընտրական գործընթացը արդար ու պատշաճ կերպով ընթանա,- որտեղ պարտվող կողմը ապալեգիտիմացնում է ընտրական գործընթացը, քանի որ ի վերջո, գործընթացն ավելի կարևոր է, քան անհատները, որոնք հաղթում են։ 

Ժողովրդավարական բոլոր համակարգերում ու գործընթացներում կան ուժեր, որոնք իրենք ժողովրդավար չեն։ Նրանք կօգտագործեն գործընթացը, եթե հաղթանակ տանեն, սակայն կփորձեն ապալեգիտիմացնել այն, եթե պարտվեն։ Դա տեսանք ԱՄՆ-ում՝ Թրամփի դեպքում, կամ մեկ շաբաթ առաջ Իսրայելում, երբ Նաթանյահուն իր աջակիցներին կոչ արեց դուրս գալ փողոց, որպեսզի ինքն իր պաշտոնից չզրկվի։ 

Հիշենք Էրդողանի ասածը՝ ժողովրդավարությունը գնացք է, և երբ հասնում ես քո ուզած կայարան, իջնում ես գնացքից։ Մենք չենք ուզում իջնել, մեզ համար գործընթացն ավելի կարևոր է, քան հաղթող անհատները։

Լրտեսական սկանդալի մասին

Անցնենք երկրորդ թեմային՝ ադրբեջանական հետախուզական գործակալությունների օգտին Արցախյան պատերազմի ընթացքում լրտեսությամբ զբաղված անձանց բացահայտմանը։ Մենք նման բացահայտումներ լսել ենք թե՛ պատերազմի ավարտից ի վեր և թե՛ նույնիսկ պատերազմի ընթացքում։ Բայց դեռ չէի անդրադառնում դրանց, որովհետև պետք չէր բամբասանքներ տարածել, եթե չկան դրանց ետևում փաստեր։

Հետաքրքիր է նաև այս բացահայտումների ժամանակահատվածը։ Այս ձերբակալությունները նպաստում են վարչապետի ավելի վաղ արած պնդումներին,  որովհետև ցույց են տալիս, որ պատերազմում պարտությունը միայն նրա մեղքը չէ։

Անկախ այս բացահայտումների ժամանակից և դրա ետևում եղած շարժառիթից՝ պարզ է, որ ադրբեջանական հետախուզական ծառայությունները, հավանաբար աշխատելով թուրքական հետախուզական ծառայությունների հետ, տարիներ շարունակ Հայաստանում հավաքագրել են անձանց։

ԱԱԾ վերջին բացահայտած դեպքում՝ հայ բարձրաստիճան մի զինվորական պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում հետախուզական տվյալներ է փոխանցել հակառակորդին, այդ թվում՝ Հադրութից, որտեղ նա եղել է կամավորական ջոկատի հրամանատար։ 

Ուստի, հաշվի առնելով այն տարօրինակ հանգամանքները, որում ընկան Հադրութն ու Շուշին, սա զարմանալի չպետք է լինի ոչ ոքի համար։ 

Այս ամենը բազմաթիվ հարցեր է առաջ բերում ԱԱԾ-ի մասին։ Լավ է, որ այս մարդիկ ձերբակալվել են։ Սակայն հարց է ծագում ՝ որտե՞ղ էր ԱԱԾ-ն, երբ դա տեղի էր ունենում։ Պարզ է, որ այս ամենը տարիների ընթացքում է եղել, այս մարդկանց հավաքագրել են տարիներ շարունակ։ Ինչու՞ չեն նրանց ավելի վաղ բռնել, ինչո՞ւ չեն նկատել կասկածելի ուղևորությունները Թուրքիա կամ շփումները։

Երկրորդ, դավաճանությունը գենետիկ բնույթ չունի։ Եթե նրանք կարողացել են մեր կողմում գտնել մարդիկ, որոնք պատրաստ էին վաճառել իրենց երկիրը, վստահ եմ՝ Ալիևի վարչակարգի ներքո կան շատերը, որոնք պատրաստ կլինեին նույնն անել մեզ համար։ Մեր հետախուզական ծառայությունները զբաղվե՞լ են այդ մարդկանց հավաքագրմամբ։ Կասկածում եմ, թե զբաղվել են։ Ուստի պետք է հարցնել՝ ինչու։

Ի վերջո, պետք է ինքներս մեզ անհարմար հարց տանք՝ եթե այս դեպքերն իսկապես ճիշտ են, ինչո՞ւ են այդ մարդիկ պատրաստ եղել իրենց երկիրը երեսուն արծաթադրամով վաճառել։ Ես երբեք չեմ փորձի նրանց արարքներին արդարացում գտնել, որովհետև եթե նրանք իսկապես մեղավոր են այդ ամենում, կարող են փտել դժոխքում։ 

Սակայն, դա ինչ-որ տեղ բացահայտում է, թե մենք ովքեր ենք, և որտեղ է մեր հասարակությունը եղել վերջին երեսուն տարիների ընթացքում։ Կարծում եմ՝ եթե սրան քննադատաբար նայենք ու փորձենք դասեր քաղել, այդ դասերից մեկը հետևյալն է՝ սովորական քաղաքացիները իրենց առաջնորդներին լսելուց լավ չեն, բայց շատ լավ են նրանց կրկնօրինակելուց։

Երեսուն տարի շարունակ ունեցել ենք քաղաքական, տնտեսական ու մշակութային ղեկավարություն, որը զբաղված էր երկիրը դավաճանելով ու թալանելով։ Դժվար չէ պատկերացնել, որ բարոյապես թույլ կամ այլասերված անձինք կարող են դա անցաթուղթ  օգտագործել՝ իրենց երկիրը վաճառելու համար։

Պետք է կարողանանք անթարթ նայել ինքներս մեզ հայելում, ամենաուժեղ լույսի տակ։ Չպետք է արդարացումներ փնտրենք, չպետք է պատրանքներ ունենանք, թե ովքեր ենք մենք և որտեղ։ Առջևում խրթին ուղի է, բայց բոլոր գալիք բաները սկսվելու են, երբ ձերբազատվենք մեր պատրանքներից և սթափ նայենք մեր շարժառիթներին՝ ամենաուժեղ լույսի տակ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել