Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Փաշինյանը Ռուսաստանի նախագահին քաջառողջություն և նորանոր հաջողություններ է մաղթել իր պաշտոնում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն։
«Այսօր Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։
Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման»,- նշված է ուղերձում:
Փաշինյանը շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձներ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։