«Այսօր Արցախի բանալին Հայաստանում է, Արցախը առանց Հայաստանի որևէ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ»

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ՝ Արցախի անտվանգության, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և կուսակցության միջև կապի, Հայաստանում սպասվող ընտրություններում գերադասելի թեկնածուի, սոցիալական ծրագրերի և այլ թեմաների մասին:

– Պարոն Գալստյան, սա ավանդական հարց է։ Ի՞նչ ռազմավարություն ունեք Արցախը այս ծանր վիճակից դուրս բերելու համար:

– 1988 թվականից առ այսօր նման ծանր իրավիճակում չենք եղել: 90-ականների պատերազմի ընթացքում հայնտվել էինք նման ճնգաժամի առաջ: Այն ժամանակ հանգուցալուծվեց այս հարցը՝ ճգնաժամային կոմիտեի և համայն հայության ջանքերը մեկտեղելով: 

Տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները Հայաստանի սահմաններում թույլ տալիս լկտիություն և մեր բանակի կողմից համարժեք արձագանք չեն ստանում: Պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ համախմբվելու, միաբանվելու և այս ճգնաժամը հաղթահարելու: Մեր քաղաքական թիմը գտնում է, որ այս իշխանությունները ի վիճակի չեն համախմբել ժողովրդին: 

– Արցախի՞ իշխանություններին նկատի ունեք, թե՞ Հայաստանի:

– Մենք միշտ մեր հարցազրույցներում ասել ենք, որ Արցախի իշխանությունները հայաստանյան իշխանությունների ածանցյալն են: Երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստորագրում է Նիկոլ Փաշինյանի ցանկացած բառի տակ և հայաստանյան իշխանություններին քննադատող ուժերին ինքը ընդունելության չարժանացրեց, դրանով իսկ փաստեց, որ հայաստանյան իշխանությունների կամակատար է: Եվ Արցախում, այսպես ասած, իշխանությունը փոխելով… Մենք գիտենք մեր բանակի կառուցվածքը, և Արցախը առանց Հայաստանի ոչ մի հարց չի կարող լուծել:

Միաբանելու փոխարեն, ընդհակառակը, ժողովրդին համակերպում են: 

– Դուք ասում եք, որ Արցախի ներկայիս իշխանությունները Հայաստանի իշխանությունների ածանցյալն են: Բարց ե՞րբ չէր այդպես եղել: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ չե՞նք կարող ասել, որ նույնն էր:

– Եթե մի քիչ էլ հետ գնանք, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդպես չէր: Մենք տեսնում ենք, որ թե՛ Աղդամի, թե՛ Ֆիզուլու ազատագրումից հետո փորձում էին հետ քաշել մեր զորքերը, բայց Արցախի ռազմաքաղաքական իշխանությունները ըմբոստանում էին:

Ճիշտ է, դրանից հետո իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք, լինելով տեղյակ Արցախի խնդրի բոլոր նրբություններին, կարմիր գիծ էին պահում Արցախի մասով, որը տրորվեց 2018 թվականին, երբ ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չեն ստորագրելու: Ստորագրվե՛ց: Ասում էին, որ առանց Արցախի հարցը չի լուծվի: Լուծվե՛ց: 

Եվս մեկ անգամ փաստենք, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի: Վերջնական լուծումը լինելու է Արցախի անկախության ճանաչումը, որից հետո համայն հայությունը Արցախի բնակիչների հետ կորոշեն՝ կմիանա՞ն մայր Հայաստանին, թե՞ կլինեն անկախ պետություն: Դա հետագայի հարց է: 

– Դուք ձեզ ընդդիմություն համարո՞ւմ եք:

–  Ընդդիմություն ենք այս իշխանությանը: Մենք պետականամետ քաղաքական գործիչներ ենք, որոնք չեն ընդունում այս իշխանությունների վարած քաղաքականությունը: 

– Հակասություն չկա՞: Դուք ձեզ ընդդիմություն եք համարում, բայց ձեր ցուցակի առաջին համարը՝ Վիտալի Բալասանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է: Կարծեմ, գյուղատնտեսության փոխնախարարն էլ է ձեր կուսակցությունից:

–  Վիտալի Բալասանյանը եղել է մեր ցուցակի առաջին համարը, բայց նա մեր քաղաքական ուժի ուղղորդիչը չէ, դա փաստ է: Մենք ունենք մեր քաղաքական ուղին: Բացի հրապարակային մասից, ես չեմ կարող ասել Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի հետ ինչ ներքին պայմանավորվածություն է եղել, և երկրի առաջ ինչ խնդիր է եղել, որ նրանք համաձայնել են: Դրանից հետո մեր քաղաքական գործունեությունը Վիտալի Բալասանյանի հետ ոչ մի առնչություն չունի:

– Ավարտվե՞լ է համագործակցությունը:

– Նա երբևէ «Արդարության» հետ կապ չի ունեցել: Եղել է «Արդարություն» կուսակցության նախագահի թեկնածու: Քաղաքական համագործակցություն է եղել, մենք գնացել ենք ընտրությունների: Ընտրություններից հետո հրաժարվել է խորհրդարան մտնել, մենք ձևավորել ենք մեր խմբակցությունը՝ առանց Վիտալի Բալասանյանի: Երբ Վիտալի Բալասանյանին  առաջարկել են Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, չի քննարկել մեզ հետ՝ գնալ կամ չգնալ: 

– Բայց դրան ո՞նց եք վերաբերվում: 

– Այսօր Վիտալի Բալասանյանը իշխանության մաս է կազմում, դա փաստ է: Նա առանձին ռազմաքաղաքական գործիչ է: Իսկ ինչ վերաբերում է Մուսայելյան Նորայրին. երբ առաջարկեցին տեղակալի պաշտոնը գյուղանախարությունում, նա մեր համանախագահներից էր: Նոր համագումարով՝ մեր կուսակցության համանախագահը չէ, այլ անդամն է: Այո՛, քննարկվել է առաջարկը: Քանի որ այդ ոլորտում տեսնում էր, որ գաղափարներով ու մոտեցումներով կնպաստի երկրի զարգացմանը՝ մենք թողել ենք նրան: Մենք քաղաքական որոշում չենք կայացրել, քանի որ այդ առաջարկը եղել է Նորայր Մուսայելյանին, այլ ոչ թե «Արդարություն» կուսակցությանը: Դա կուսակցական պորտֆել չէ: Նա իր ոլորտի մասնագետ է: Իր պաշտոնը մեզ չի խոչընդոտում, եթե խոչընդոտի նրան, թող ինքը որոշում կայացնի՝ կշարունակի՞ անդամակցել մեր կուսակցությանը, թե՞ դուրս կգա:

– Հայաստանի ներքաղաքական անցուդարձին հետևում եք, անշուշտ: Նախապատվություն ունե՞ք թեկնածուների մեջ: 

– Մենք ոչ թե հետևում ենք, այլ նաև երևի Ազգային ժողովից դիտորդական առաքելություն կիրականացնենք: Իհարկե, հետևում ենք, բայց միևնույն ժամանակ, Սփյուռքից սկսած համայն հայությունն է հետևում: Այսօր Հայաստանում ոչ թե քաղաքական ընտրություններ են, այլ պետության լինել-չլինելու ճակատագիրն է որոշվում: Մենք ունենք մեր դիրքորոշումը՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ճգնաժամային իրավիճակներում երկիր ղեկավարելու փորձը: Այսօր Արցախի բանալին Հայաստանում է, Արցախը առանց Հայաստանի որևէ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ: Գործող իշխանությանը ժողովուրդը 80-տոկոսանոց մանդատ տվեց, բայց մսխեցին այդ վստահությունը: Այսօր այն վիճակում չենք, որ գնանք նոր ուժերի հետևից, որոնք փորձված չեն:

– Երկար տարիներ, գոնե առերևույթ, քաղաքական ուժերը փորձել են այնպիսի տպավորություն թողնել, որ չեն խառնվում միմյանց ներքաղաքական գործերին: Չե՞ք կարծում, որ այդ ավանդույթը նման կերպով խախտվում է:

– Երբ որ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հրապարակում ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ Սամվել Բաբայանը իր հարցազրույցում հայտնեց, որ եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, ապա նա կգնա Արցախ… Եվ եկավ: Հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Բակո Սահակյանի հետ և պաշտոնական լուր տվեց, որ հանդիպել է Արցախի նախագահի թեկնածուների հետ, որտեղ մեր գրանցված թեկնածու Վիտալի Բալասանյանը ներկա չէր: Նա այդ իսկ ձեռագրով ցույց տվեց, որ խառնվում է Արցախի ներքաղաքական գործերին: Արդար չէ ասել՝ Հայաստանը մեր ընտրություններին չի խառնվել, իսկ մենք փորձում ենք խառնվել: Բացի այդ, արցախցիների մի մեծ հատված ապաստանել է Հայաստանում, և որոշում է կայացվել, որ տարհանված բնակիչները կարող են մասնակցել ընտրություններին, մինչ այդ երբևիցե նման բան չի եղել:

– Անվտանգային համակարգի վերաբերյալ: Ենթադրենք՝ այնպես է ստացվում, որ 4,5 տարուց ռուս խաղաղապահ ուժերը հեռանում են: Ի՞նչ պիտի անենք այս ընթացքում, որ մեր հարցերը լուծենք: 

– Բազմիցս բարձրաձայնել ենք, որ այսօր որևիցե քայլ համենայնդեպս տեսանելի չի արվում: Վերջերս ընդունվեց 2021թ. պետական բյուջեի փոփոխությունը, մենք մեր մտքերը ասել ենք՝ մեր օրվա բյուջեն համահունչ չէ ստեղծված իրավիճակին: Տեսել ենք արհեստածին սարքած 247 միլիարդ բյուջեն:

– Բայց ասում են՝ բանակը վերակառացում ենք, պայմանագրային ենք դարձնում: 

– Ցավոք սրտի, մենակ ասում են: Դուք տեսնո՞ւմ եք: Այնպես չէ, որ բանակը մեզնից 100 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Ստեփանակերտ քաղաքը սահմանամերձ է: 

– Ձեր տեսլականը ո՞րն է:

–  Մեր տեսլականը ազգ-բանակն է: Սոցիալական ոլորտից մինչև կրթական պետք է վերջնական նպատակը լինի անվտանգությունը: 

Այսօր Արցախում մի դրամ  ապաստարանների կառուցման համար չի ծախսվել, թեև ապաստարանների կառուցման համար մեկ միլիարդ է հատկացվել:  Եթե ուզում ենք անգտանգության մակարդակը բարձրացնել, պետք է գործնական քայլեր անենք, ոչ թե հռետորաբանությամբ զբաղվենք: 

Եվ եթե հանկարծ մեզ չորս տարվա ընթացքում չհաջողվի, պետք է քաղաքական դաշտում քայլեր ձեռնարկել, որ ռուս խաղաղապահները մնան այնքան, մինչև մեր ազգը ոտքի կանգնի, և ինքնուրույն կկարողանանք մեր անվտանգությունը ապահովել:  

– Ինչպիսի՞ բանակ եք պատկերացնում:

– Մոբիլ բանակ, ազգ-բանակ: Սահմանամերձ գյուղերում՝ աշխարհազոր կլինի թե նրանք պայմանագրային հիմունքներով ընդգրկված կլինեն բանակում, բոլորը պիտի լինեն մարտունակ, որ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության կարողանանք դիմակայել: Մենք ոչ թե այսօրվանից, այլ շատ վաղուց պիտի պատրաստվեինք: 

– Վերջերս Մեծ Շենում եմ եղել: Այն ժամանակ գյուղապետը բողոքում էր, որ ամենատարբեր մակարդակներում բնակիչների զինելու հարցը բարձրացրել է, բայց հարցը չի լուծվել: Հնարավո՞ր է, որ ռուս խաղաղապահները չեն թույլատրում:

– Երևի այդ հարցը սխալ հասցեով եք տալիս: Դա պետք է տալ գործող իշխանությանը, թող պատասխանեն՝ ինչո՞ւ այդ խոչընդոտները առայսօր չեն հարթել: 

– Տարբեր տեսակի սոցիալական աջակցության ծարգրերը, «68 հազարները»՝ սրանք խնդրի լուծո՞ւմ են, պե՞տք է այդ ծրագերը շարունակել:

– Երբ այդ ծրագիրը սկսեցին կյանքի կոչել, մենք նույնպես քննարկումներին մասնակից էինք: Առաջկեցինք, որ պետք չէ անհատապես՝ յուրաքանչյուր անձի 68 հազար վճարել: Պետք է պետությունը կարողանա ընտանիքների կարիքները գնահատել և գումար հատկացնել: Այսօր մեր յուրաքանչյուր ընտանիք պիտի զգա պետության շունչը, որ սա լոկ տարածք չէ, այլ պետություն՝ իր կայացած ինստիտուտներով: Տեսնում ենք, որ տարբեր խոսակցություններ կան. ինչո՞ւ են ստանում ստեփանակերտցին ու ասկերանցին, որոնք չեն տուժել. ստեփանակերտցիները ու տարհանվածները ինչու են գումարն ստանում: Ինչո՞ւ է զինվորական ու ոստիկանության թոշակառուն ստանում, իսկ տարհանված 55 տարեկան բնակիչը չի ստանում: Մինչև որոշում կայացնելը, պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել ու քննարկումներ անել, ոչ թե հապճեպ: Պետք չէ հրշեջի նման աշխատել:

Զրուցեց Հայկ Ղազարյանը