Փաշինյանը և Քոչարյանը Ալավերդու պղնձաձուլարանի մասին իրարամերժ կարծիքներ ունեն

Նիկոլ  Փաշինյանը և  Ռոբերտ Քոչարյանը ԱԺ արտահերթ ընտրությունների իրենց նախընտրական ծրագրերում Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին իրարամերժ կարծիքներ են հայտնում։

Փաշինյանը ԱԺ ընտրությունների շրջանակներում հունիսի 10-ի հանդիպմանը Ալավերդիում աշխատատեղեր բացելու որոշակի խոստում չտվեց: Ալավերդցիներին նա բացատրեց, որ միջազգային շուկայում պղնձի գների աննախադեպ ռեկորդային աճի պայմաններում իր նախընտրական ծրագրում կարևոր տեղ է հատկացրել Հայաստանում նոր պղնձաձուլական գործարանի կառուցմանը, սակայն նշեց, որ կախված մի շարք հանգամանքներից՝ չի կարող խոստանալ, թե երբ և որտեղ կկառուցվի նոր գործարանը: Փաշինյանի պատասխանի  անորոշությունը Ալավերդու գործազուրկներին չգոհացրեց:

Տե՛ս նաև՝ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ պղնձաձուլարան ստեղծել

Ալավերդիում ընտրողների հետ հանդիպմանը պղնձաձուլարանի խնդրին անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ պղնձաձուլական գործարանն անհրաժեշտ է միայն համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Ալավերդու օդը բնապահպանական ստանդարտների մեջ պահելով։

«Ընդամենը  բնապահպաններին բավարարելու համար մի քիչ ավել գումար պետք է դրվի մաքրման հատուկ սարքեր ձեռք բերելու նպատակով, և կունենանք աշխատատեղեր»,- ասաց  նա՝ նշելով, որ դա 1,5 մլն դոլարի ծախս է, որը  պղնձաձուլական գործարանի 400 աշխատատեղի համար կարող է նույնիսկ պետությունը դնել: Քոչարյանը չմանրամասնեց, թե ինչ սարքերի մասին է խոսքը։

308 մլն դրամ վարկային պարտավորությունը չկատարելու պատճառով «Թեղուտ» ՓԲԸ-ն գրավադրած «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի հետ  2019թ. փետրվարին իր պղնձաձուլական  գործարանով  դարձել է ՎՏԲ բանկի սեփականությունը։ «Արցախտրանս» ՍՊԸ-ի  հայցով, սնանկության  դատարանի  2020թ. ապրիլի 3-ի որոշումով «Արմենիան Քափըր Փրոգրամ»  ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ:

Ալավերդին  բնապահպանական  աղետի գոտի  է

Պղնձաձուլական գործարանի արտադրության ընթացքում վերջին տասը տարիներին, ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի, թույլատրելի 5 600 տոննա ծծմբի դիօքսիդի փոխարեն շրջակա միջավայր է արտանետվել  38 000 տոննա ծծմբի դիօքսիդ: Դրա արդյունքում Ալավերդին և շրջակա  բնակավայրերը  դարձել են բնապահպանական աղետի գոտի: Ալավերդու բժշկական կենտրոնում 1000-ից ավելի քաղցկեղով հիվանդներ են գրանցված: Գործարանի արտանետումների 99,4 տոկոսը ծծմբի դիօքսիդ է: Բնակչության առողջության և կյանքի համար անհամատեղելի արտանետումները կանխելու համար, բնապահպանների ճնշմամբ 2019թ․ Կառավարությունը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ից պահանջել է պղնձաձուլական գործարանը գործարկել միայն թույլատրելի՝ 5 600 տոննա ծծմբի դիօքսիդի արտանետումներով: «Արմենիան Քափըր Փրոգրամը» 2019թ. մայիսին կառավարությանն առաջարկել է 38 000 տոննա արտանետումներով թույլատրել պղնձաձուլական գործարանի ժամանակավոր գործարկում՝ աշխատելու ընթացքում 4-5 մլն դոլարի ներդրում կատարելու պայմանով: Առաջարկը մերժվել է:

Անցած 1,5  տարվա ընթացքում Ալավերդու  աշխատատեղերի հարցը մոռացության է մատնել

Պղնձաձուլարանի  աշխատանքերը դադարեցնելուց հետո սկսվել են զանգվածային կրճատումներ: ԱԺ պատգամավոր, «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանի խոսքով՝ կրճատումների վերջին փուլում գործարանում 233 մարդ է աշխատանքից ազատվել: 2018թ. դեկտեմբերի 6-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում (այդ ժամանակ արդեն խոսակցություններ կային գործարանի աշխատանքերը դադարեցնելու մասին) Փաշինյանը խոստացել և  50 բանվորների  աշխատանքի է տեղավորել Թեղուտ ՓԲԸ-ում: Պատգամավոր Մկրտչյանի խոսքով՝ մյուսների մասով Թեղուտ ՓԲԸ-ի համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ ձեռք բերված  պայմանավորվածությամբ՝ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, և 183  նախկին աշխատակիցների 12 ամիս վճարվել է աշխատավարձ:

Լարիսա Փարեմուզյան