Եվրամիությունը ողջունում է գերիների վերադարձի և քարտեզների փոխանցման գործողությունները

Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ շաբաթ օրը Ադրբեջանի կողմից 15 հայ պահվող անձանց ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը։

«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից։ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, և մենք հորդորում ենք՝ շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ»,- հայտարարել է Բորելը։

Ըստ հաղորդագրության՝ Եվրամիությունը շարունակելու է խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետպատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ․ «Վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»։

Հունիսի 12-ին ԱՄՆ և Վրաստանի կառավարությունների միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերի։ Գերիների վերադարձի դիմաց Բաքվին են փոխանցվել Աղդամում տեղակայված 97 հազար ականների քարտեզները։