Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը ժողովրդին հայտնի է․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ արտահայտություններին։ Մայր Աթոռի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։

Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։

Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»,- նշված է հայտարարությունում։

Հունիսի 12-ին Սևանում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին տարիներին և վերջին օրերին հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, հեղափոխությունը ձախողելու համար։ «Մեզ ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանը նշել էր նաև, որ չի պատասխանելու հոգևորականների քստմնելի հայտարարություններին և միայն Աստվածաշնչով է արձագանքելու դրանց։

Քարոզարշավի շրջանակում Դիլիջանում էլ Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։

Մեկնաբանել