ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ. Գոհար Ղարիբյան

Գինու ինկուբացիոն նախագիծը կայուն տնտեսական զարգացման և զբաղվածության խթանման ոլորտում իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  (PSD TVET) ծրագրերի միջև հաջողված համագործակցության արդյունք է: Ծրագրերն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ (BMZ):Նախագծի նպատակը Սիրիայից տեղահանված անձանց ու տեղացի կանանց համար ձեռնարկատիրական գործունեության նոր հնարավորությունների ստեղծումն է գինեգործության ոլորտում։ Նախագծի արդյունքում գինու շուկա են մուտք գործել սիրիահայ և տեղացի կին վեց սկսնակ գինեգործներ, որոնցից ստորև ներկայացվում է Գոհար Ղարիբյանի պատմությունը:

«Ինձ համար մեծ բացահայտում էր գինեգործության արվեստը, որը հրապուրեց ինձ։ Ես որոշեցի ուսումնասիրել այն՝ գիտակցելով, որ աշխատասիրություն, գիտելիք ու կամք է պետք դրա համար»։

21-ամյա Գոհար Ղարիբյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող երկու՝ EPIC և PSD TVET ծրագրերի Գինու ինկուբացիոն նախագծի ամենաերիտասարդ մասնակիցներից է, ամենաերիտասարդը, որին հաջողվել է հաղթահարել ծրագրի երկրորդ փուլը և գինու բիզնեսում իր առաջին քայլերն անել։ Գոհարը սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» բաժնում։

Գոհարը գինեգործության նկատմամբ հետաքրքրություն միշտ ունեցել է, սակայն հետագայում այն դարձել է նպատակ:

Նա գինեգործության որոշ գաղտնիքների հասցրել է ծանոթանալ Իտալիայի համալսարաններից մեկում ուսանելու ժամանակ։ Մեկ-երկու ամիս գինեգործություն ուսումնասիրելուց հետո Գոհարի սերն այս ոլորտի նկատմամբ ավելի է ամրապնդվել, և նա որոշել է դիմել ICARE հիմնադրամի «Ի-Վի-Էն» գինու ակադեմիա։

«Ապրիլ-մայիս ամիսն էր, որ «Ի-Վի-էն»-ում հայտարարություն տեսա՝ ամառային հնգամսյա դասընթացների կազմակերպման մասին, և որոշեցի դիմել։ Ի ուրախություն ինձ՝ հայտը հաստատվեց»,- պատմում է Գոհարը։

Դասընթացները տարբերվում էին համալսարանական առօրյայից. ազատ միջավայր էր, չկար տարիքային տարբերություն, շփումը` անկաշկանդ, հետաքրքիր և ուսուցանող։ 

«Ծանոթացել ենք գինու արտադրության բոլոր փուլերին, անձամբ ենք մասնակցել բերքահավաքին։ Անշուշտ, դժվար էր այրող արևի տակ աշխատելը, ծանր արկղերը տեղաշարժելը, սակայն շատ հետաքրքիր էր ողջ գործընթացը»,- հիշում է Գոհարը։  

Նա ծրագրի առաջին փուլը բարձր առաջադիմությամբ հաղթահարած մասնակիցներից է, ինչն էլ հնարավորություն է ընձեռել մասնակցելու երկրորդ փուլի մրցույթին։ Հարցազրույցի փուլն էլ հաջողությամբ անցնելուց հետո Գոհարի համար նոր հնարավորություններ են բացվել՝ գինեգործության մեջ ավելի խորանալու և սեփական գինին արտադրելու ուղղությամբ։

Ծրագրի ընթացքում իրականացել է Գոհարի մեկ այլ երազանք. վիճակահանության արդյունքում քաշել է այն գինու տեսակը, որ ի սկզբանե ցանկանում էր արտադրել։  

«Շատ էի ցանկանում, որ ինձ ընկներ Հաղթանակ խաղողի տեսակից վարդագույն գինին, և նախախնամության կամոք, թե պատահականությամբ, հենց այդ տոմսն էլ ինձ բաժին հասավ»- ժպտալով պատմում է Գոհարը։

Այս գինին նրա համար կարող է հաղթաթուղթ լինել շուկա մտնելու համար, քանի որ մինչ օրս Հայաստանում Հաղթանակ խաղողի տեսակից արտադրվում է միայն կարմիր գինի։ Գոհարը կլինի առաջին, որ այս տեսակից արտադրել է վարդագույն գինի։

«Բացի դրանից, տեխնոլոգիան, որ կիրառել ենք, առանձնանում է մնացած վարդագույն գինիներից իր յուրահատուկ նրբահամով, ու կարծում եմ՝ գինեսերները կգնահատեն»,- նշում է երիտասարդ գինեգործը։

Գոհարը շուկա կմտնի «Վայն Գոգ» ապրանքանիշով։ Ասում է՝ անունը շատերի մոտ ասոցացվում է նկարիչ Վան Գոգի հետ, սակայն պատմությունն այլ է՝ «վայն»՝  անգլերենից թարգմանաբար գինի, և «Գոգ»՝ իր անվան կրճատ տարբերակն է։  

«Արվեստի որոշ տեսակներ երբեմն հանդիպում են խաչմերուկներում, այսպես ստացվեց և այս դեպքում։ Համագործակցելով դիզայների հետ՝ որոշեցինք գինու պիտակի վրա պատկերել աղջիկ, և այդ աղջիկը ես եմ։ Հայացքը` հաղթական, ինչպես խաղողի տեսակն է, մազերում էլ՝ փաթաթված խաղողի հատիկներ ու տերևներ»,- ասում է Գոհարը։

«Վայն Գոգ»-ն առաջինը գնահատելու հնարավորություն կունենան Գոհարի հարազատներն ու ընկերները։ Սակայն երիտասարդ գինեգործը որոշել է՝ առաջին խմբաքանակի վաճառքից ստացված եկամուտը ներդնելու է մյուս տարի նոր խմբաքանակ արտադրելու համար։ 

«Հայերի մոտ կարծրատիպ կա, որ գինեգործությունը տղամարդու մենաշնորհն է, սակայն ծանոթանալով ավագ սերնդի կին գործընկերներիս հետ, որոնք զբաղվում են գինեգործությամբ, հաստատապես որոշեցի նոր գիտելիքներ ձեռք բերել այս ոլորտում և հասնել առավելագույնի»,- ասում է Գոհարը։

Երիտասարդ գինեգործը նշում է, որ Գինու ինկուբացիոն ծրագիրը 180 աստիճանով փոխել է իր կյանքը։ Ասում է՝ գտել է իրեն այս ոլորտում, գիտի՝ ինչ պետք է անի ապագայում, որտեղ պետք է իր միջոցները ներդնի և ինչի պետք է հասնի։